Բաժիններ՝

Այս ամենում չկա կառավարության մասնակցությունը, մինչդեռ կառավարությունը բազմաթիվ առիթներ է օգտագործել՝ նշելով տնտեսական աճի մասին. Տնտեսագետ

Օգոստոսի 3-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.5%: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.5%:

«2020 թվականի հունիսին արձանագրվել է 0.8 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել և կազմել է 6.5 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է արագանալ՝ հունիսի վերջին կազմելով 7.8 տոկոս: 2021 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ԿԲ կանխատեսումներին համահունչ՝ շարունակվում է ՏԱՑ և համախառն պահանջարկի արագ տեմպերով աճը,- տնտեսական միտումներին անդրադառնալով՝ նիստի ընթացքում նշել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ հայաստանյան շուկայում գրանցվող գնաճի վրա դեռևս մեծ ազդեցություն ունեն արտաքին զարգացումները: -Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման պայմաններում համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումներով պայմանավորված՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր:

Նշված զարգացումների, ինչպես նաև մի շարք ժամանակավոր գործոնների պայմաններում՝ գործընկեր երկրներում դիտարկվում են սպասվածի համեմատ գնաճի ավելի բարձր մակարդակներ։ Այս իրավիճակում ԿԲ Խորհուրդն արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն»:

ԿԲ նախագահը նշեց՝ կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ ԿԲ-ն իր կանխատեսումներում օբյեկտիվ է և իրատեսական գնահատականներ է տալիս:

«ԿԲ-ն հիմք է ընդունում նաև բոլոր այն միտումները, որոնք տնտեսության մեջ առկա են, և այս առումով, տարեվերջին կարող ենք ակնկալել գնաճի թուլացում: Եթե տեղի ունենան այն իրադարձությունները, ինչը, որպես տնտեսագետ, կարծում եմ՝ հնարավոր է, հատկապես՝ արտահանման տեմպերի որոշակի աճ, որը կբերի արտարժույթի ներհոսքի, ինչն ավելի ամրացնում է ազգային արժույթի՝ դրամի  դիրքերը:

Բայց սրանք այն տենդենցներն են, որոնք կարող են տեղի ունենալ առանց կառավարության միջամտության՝ կամայական, որովհետև հիմնականում մասնավոր հատվածի, ձեռներեցության զարգացման մասին է խոսքը, անհատ տնտեսությունների, գյուղացիական տնտեսությունների, զբոսաշրջության: Հնարավոր է՝ նաև պղնձի և մոլիբդենի գների որոշակի աճ համաշխարհային շուկայում, որը կարող է բերել դրական միտումների, արտարժույթի ներհոսքի և այլն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Նա հավելեց՝ իներցիոն տնտեսությանը հատուկ այս միտումներն իշխանությունները հաճախ փորձում են վերագրել իրենց. «Այս ամենում, բնականաբար, չկա կառավարության մասնակցություն կամ տնտեսական քաղաքականության արտահայտություն, մինչդեռ ներկայիս կառավարությունը, որը, արդեն կարելի է ասել, կվերարտադրվի, բազմաթիվ առիթներ է օգտագործել՝ նշելով տնտեսական աճի մասին, ընդհուպ՝ մինչև երկնիշ տնտեսական աճի մասին:

Տարրական գիտելիքների բացակայությունը թույլ չի տալիս հասկանալ, որ անկումից հետո նախ պետք է գալ զրոյական մակարդակի, հետո խոսել ընդհանրապես որևէ աճի մասին, և միայն դրանից հետո տեսնել, թե ինչպես կարելի է զարգացնել տնտեսությունը: Խոսում են աշխատատեղերի՝նույնիսկ աննախադեպ աճի մասին. այսինքն՝ մոռանում են ընդամենն ամիսներ առաջ համավարակի պատճառով փակված հազարավոր աշխատատեղերի մասին»:

Թաթուլ Մանասերյանը նաև նկատեց՝ գնաճի զսպումը ԿԲ խնդիրը չէ, ԿԲ-ն պատասխանատու է գների կայունության ապահովման համար, իսկ սպասվող տնտեսական միտումները հնարավոր են նաև կառավարության չգոյության պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս