Բաժիններ՝

Ո՞վ է լինելու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը. անուններն արդեն շրջանառվում են

Օգոստոսի 3-ին լրացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը:

Տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնների համար արդեն իսկ տարբեր անուններ են շրջանառվում մամուլում. Էդուարդ Թոփչյան, Կարեն Դուրգարյան, Հասմիկ Պապյան, թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյան, Բարսեղ Թումանյան, Արա Խզմալյան:

ԿԳՄՍՆ-ից փորձեցինք պարզել՝ արդեն որոշե՞լ են, թե ով է լինելու Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը պատասխանեց. «Երբ որոշում լինի՝ կհրապարակենք»:

Կապ հաստատեցինք նաև թեկնածուներից մի քանիսի հետ:

Կարեն Դուրգարյանն ասաց, որ այս պահին Հայաստանում չէ: Հարցին՝ եթե ամեն դեպքում առաջարկ լինի՝ կհամաձայնի՞, պատասխանեց. «Բարդ հարց է»:

Հասմիկ Պապյանն էլ անդրադառնալով հարցին՝ իրեն առաջարկ արվե՞լ է, թե՞ ոչ, նշեց. «Չէ, ես քաղաքում չեմ հիմա, ճիշտն ասած՝ լուր չունեմ»:

Բարսեղ Թումանյանն էլ կարևորեց Օպերային թատրոնի ապագայի մասին մտածելը, և հարցին՝ եթե առաջարկ լինի, կհամաձայնի՞, պատասխանեց.

«Պետք է նստենք, մտածենք. միայն համաձայնելով չէ: Դա լուրջ քննարկման հարց է: Եթե առաջարկ լինի՝ պետք է քննարկել, տեսնել»:

Հավելենք, որ Կոնստանտին Օրբելյանը ստանձնել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը:

Մեզ հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ւմ եք տեսնում՝ որպես Ձեզ փոխարինող, եթե հեռանաք, Կոնստանտին Օրբելյանն ասել էր.

«Անհրաժեշտության դեպքում արժանավոր թեկնածուներ կլինեն։ Մի բան հստակ է՝ պետք է շատ աշխատենք, ես ասել եմ և վստահորեն այսօր էլ կրկնում եմ՝ մենք կարող ենք և պարտավոր ենք Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնը դարձնել աշխարհի լավագույն թատրոններից մեկը: Պարզապես չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծվեն այն պահին, երբ ջանք ու եռանդ չես խնայում ապահովելու թռիչքն այնպիսի մեծ մշակութային կառույցի, ինչպիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս