«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Պատճառված վնասի չափը կազմում է ավելի քան 21 մլրդ ՀՀ դրամ

Պետական վերահսկողական ծառայությունը պարզել է, որ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21.010.739.100 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ՊՎԾ կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել փաստաթղթեր կեղծելու, ընկերության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության և ընկերության իրավունքների ու օրինական շահերի խախտման առումով էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, իրենց վստահված դրամական միջոցները վատնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Պետական վերահսկողական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս