Հայկ Մարտիրոսյանը իր կարիերայի լավագույն արդյունքն է համարում Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ հաղթանակը
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը գոհ է Սոչի քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում իր գրանցած արդյունքներից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտիրոսյանը շեշտեց, որ նմանատիպ մրցաշարերը լուրջ նախապատրաստական փուլ են պահանջում: «Առաջին անգամն էր, որ մասնակցում էի աշխարհի գավաթի խաղարկության և հասա մինչը 1/8 եզրափակիչ: Ինձ համար մեծ պատիվ էր նմանատիպ մրցաշարում Հայաստանը ներկայացնելը: Աշխարհի գավաթի խաղարկությունն այն բարդ մրցաշարերից է, որտեղ կարող ես միանգամից լքել պայքարը: Կարիերայիս լավագույն արդյունքն այն էր, որ հաղթեցի Շահրիյար Մամեդյարովին, որը աշխարհի 5 լավագույն շախմատիստներից մեկն է»,-ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով` 1/8 եզրափակիչում ևս պետք է հաջողության հասներ, սակայն հոգնածությունն իրենն ասաց:
«Մրցաշարն իսկապես հաջող դասավորվեց ինձ համար, ես գոհ եմ այն արդյունքից, որը եղավ»,-շեշտեց նա: