Բաժիններ՝

Բացահայտվել են Ավշարի համայնքապետի ապօրինությունները

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարը, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, բանավոր կարգով հրահանգել է համայնքապետարանի ենթակայության տակ գործող «Ավշարի մշակութային և ընդհանուր սպասարկման բյուջետային հիմնարկ» ՀՈԱԿ-ի տնօրեններին՝ 2007-ից 2017 թվականներին հիշյալ կազմակերպությունում որպես էլեկտրիկ գրանցված, սակայն փաստացի համայնքի ղեկավարին պատկանող պահածոների գործարանում աշխատող և որպես հավաքարար ձևակերպված, սակայն փաստացի համայնքի ղեկավարի տանը ծառայություններ մատուցող աշխատակիցներին աշխատանքի չներկայանալու պայմաններում չազատել աշխատանքից:

ՀՈԱԿ-ի տնօրենները, նույնպես օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնական կեղծ փաստաթղթերի հիման վրա հաշվարկել և որպես էլեկտրիկ ու հավաքարար գրանցված անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրելու եղանակով վատնել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 9 միլիոն 625 հազար դրամ:

Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2010 թվականին Ավշար համայնքին նվիրատվությամբ հանձնած 95 միլիոն դրամ արժեքով համայնքի հաշվեկշռում հաշվառված համակցված կերի արտադրման համար նախատեսված հոսքագիծը, առանց որևէ հիմքի, անհատույց հանձնել է եղբորը պատկանող՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում գործող ՍՊ ընկերության օգտագործմանը:

Այնուհետև համայնքի ղեկավարը, նշված հոսքագիծը նույն ընկերությանը օտարելու նպատակով, կազմակերպել է տվյալ գույքի ուղղակի վաճառքի գործընթացը, որի շրջանակներում, անկախ գնահատող կազմակերպության կողմից հոսքագիծը հաշվեկշռային և իրական արժեքից զգալի նվազ՝ ընդամենը 19 միլիոն դրամ շուկայական արժեքով գնահատելուց հետո, Ավշար համայնքի ավագանու որոշման հիման վրա, 2019 թվականի հուլիսի 26-ին ուղղակի վաճառքով օտարվել է եղբորը պատկանող ընկերությանը, իսկ գործարքից ընդամենը 14 օր անց նույն ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը, ընդհանուր՝ 119 միլիոն դրամով, որից 75 միլիոն դրամը կազմել է հոսքագծի արժեքը, վաճառվել են մեկ այլ ընկերության, ինչի հետևանքով էլ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 56 միլիոն դրամի նյութական վնաս։

Դեպքերի առթիվ ոստիկանության ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս