Բաժիններ՝

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացավ շքանշանների

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացավ «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։

Պարգևների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Բարձրագույն պարգևները հանձնեց Պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արսեն Բարսեղյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի
Դիմելով զոհվածների ծնողներին ու հարազատներին` Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մհեր Սարգսյանն ասաց. «Մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր ապագայի, այլև մեր ամենաարժանավոր զավակների հիշատակի առջև: Մենք պատասխանատու ենք նահատակված անվեհեր մարտիկների հիշատակի առջև, ովքեր հայրենի հողի լուսավոր ծնունդն են եղել, սերվել և դաստիարակվել են ազգային վեհ ու հայրենասիրական գաղափարներով, նժդեհյան ոգով ու հզոր հավատով»,- շեշտեց նա:

Մհեր Սարգսյանի խոսքով՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի բոլոր զինծառայողները մերօրյա հերոսներ են՝ նվիրված և հայրենասեր: «Նրանք պատվով են ծառայում, պատասխանատվության գիտակցմամբ են կատարում վերադաս հրամանատարության հրամաններն ու առաջադրանքները: Եղել են սիրելի անհատներ յուրաքանչյուրիս համար, մարդիկ, որոնք կարողացան որպես հայ զինվորականներ լինել իրենց բարձրության վրա՝ հրամանատարների ու համածառայակիցների հուշերում մնալով միշտ մաքուր, անկեղծ և վեհ»,- ընդգծեց Սարգսյանն ու հավելեց, որ նրանք հայրենիքի պաշտպաններ էին, որոնք պատրաստ էին զոհաբերելու իրենց համար ամենաթանկը՝ կյանքը:

Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալի հավաստիացմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նրանք իրենց անմնացորդ նվիրումն ունեցան, դեմ հանդիման ելան թշնամու զավթիչ ու ավազակ հրոսակների դեմ, մարտնչեցին՝ վեր դասելով սեփական երկրի անվտանգությունը, սերունդների խաղաղ ապագան, թշնամուն զգալի կորուստներ պատճառեցին, ընկան հանուն Արցախ աշխարհի ազատության, արցախահայության ազատ կամքի ինքնորոշման, դարձան մերօրյա հերոսները՝ իրենց տեղը գտնելով հայոց անվեհեր մարտիկներ, Անդրանիկի, Արամ Մանուկյանի, Նժդեհի, Դրոյի, Վազգենի, Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի), Մոնթեի, Մովսես Գորգիսյանի և այլոց կողքին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս