Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունն այդքան էլ վիրավորանք չէ՝ ըստ Իգոր Խաչատուրովի. փաստաբան. «Փաստինֆո»
Ըստ Իգոր Խաչատուրովի՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունն այդքան էլ վիրավորանք չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը՝ անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի կողմից ներկայացված հայցադիմումի վերաբերյալ պատասխանող կողմի առարկություններին։
Նշենք, որ Ստյոպա Սաֆարյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 ժամ» ՍՊԸ-ի՝ պահանջելով ներողություն խնդրել իբրև վիրավորանք հանդիսացող արտահայտությունների և փոխհատուցել՝ պատասխանողներից յուրաքանչյուրից 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել լրատվականում հրապարակված՝ «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։
Խաչատուրովը, պատասխանելով Սաֆարյանի հայտարարությանը, մասնավորապես նշել էր.
«Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող:
Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու։
Գնա, մտի շիզոֆրենիկ տիրոջդ փեշի տակից մի բան գտի, խաղա, վայելի իշխանության վերջին կայֆերը ու աշխատիր հանկարծ աչքիս չերևաս»։
Նշված արտահայտություններն ըստ Սաֆարյանի վիրավորանք էր, ինչի համար վերջինս պահանջել է ներողություն խնդրել, ինչպես նաև՝ դրամական փոխհատուցում տալ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, այսօր կայացել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 ժամ» լրատվականի գործով առաջին դատական նիստը, որին ներկայացել էր նաեւ Ստյոպա Սաֆարյանը։
Իգոր Խաչատուրովի և «168 ժամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նիստը հետաձգվել է, որովհետև հայցվոր կողմը «168 ժամ» ՍՊԸ-ի վերաբերյալ ներկայացված առարկություններին ծանոթ չեն եղել, իսկ դատական նիստի ընթացքում առարկություններին ծանոթանալուց հետո խնդրել են հետաձգել դատական նիստը՝ հայցապահանջը հստակեցնելու համար։
«Դատական նիստի ընթացքում, ծանոթանալով առարկություններին, կարծում եմ, գտել են, որ «168 ժամ» ՍՊԸ-ի դեմ իրենց հայցն անհիմն է, քանի որ «168 ժամ» լրատվականն ուղղակի բառացիորեն մեջբերել է Իգոր Խաչատուրովի բառերը, ընդ որում՝ նշել է տեղեկատվության աղբյուրը, ուստի՝ որևէ խախտում չի կատարել։ Տեսնելով առարկությունները և հասկանալով՝ ժամանակ խնդրեցին դատարանից, որ հայցապահանջը հստակեցնեն »,- նշեց Սարգսյանը։
Փաստաբանը գտնում է, որ հայցվոր կողմը կհրաժարվի հայցից՝ «168 ժամ» լրատվականի մասով։ Ինչ վերաբերում է Իգոր Խաչատուրովի դիրքորոշմանը, ապա փաստաբանի դիտարկմամբ, այդտեղ վիրավորանք չկա, որովհետև արտահայտությունը վիրավորանք որակելու համար պետք է, որ այն նախ և առաջ նսեմացնի տվյալ անձի պատիվը և արժանապատվությունը։ Բացի դա՝ պետք է առկա լինի դիտավորություն՝ տվյալ անձի արժանապատվությունը, հեղինակությունը նսեմացնելու, մինչդեռ փաստաբանի դիտարկմամբ՝ Իգոր Խաչատուրովը որևէ դիտավորություն չի ունեցել նսեմացնելու։
«Ըստ Իգոր Խաչատուրովի՝ եթե Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ ասում են՝ «թուրք քիրվայի դուսպրծուկ», դա այդքան էլ իր հասցեին վիրավորանք չէ, որովհետև «քիրվա» նշանակում է բարեկամ, և, հաշվի առնելով հայ-թուրքական խաղաղության պայմանագիրը և խաղաղության, բարեկամական հարաբերությունները պետք է դա վիրավորանք չընդունի անձը, որը հանդիսանում էր այդ ժամանակ կառավարության խորհրդակցական մարմնի՝ Հանրային խորհրդի նախագահ, առավել ևս՝ մինչ օրս չենք տեսել, որ Ստյոպա Սաֆարյանն իր վրդովմունքն արտահայտի այդ ամենի վերաբերյալ։ Այսինքն՝ եղել են որոշակի հիմքեր՝ այդ արտահայտությունների համար »,- նշեց Անահիտ Սարգսյանը՝ հավելելով, որ փաստական և իրավական մի շարք հիմքեր կներկայացվի դատական նիստի ժամանակ։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին։