Բաժիններ՝

Ցանկալի է, որ ծառայության բոլոր աշխատակիցները պատվաստվեն. ԴԱՀԿ մամլո քարտուղարը՝ աշխատակիցների պարտադիր պատվաստվելու, պարգևավճարից զրկելու լուրերի մասին

Տեղեկությունը, թե Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին, այդ թվում՝ հղիներին  պարտադրում են պատվաստվել, հակառակ դեպքում կզրկվեն պարգևավճարից, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը:

«Հանրային իմունիտետ ձևավորելու, քաղաքացիների, այդ թվում՝ նաև աշխատակիցների ծառայության բնականոն աշխատանքն ապահովելու համար ցանկալի է, որ ծառայության բոլոր աշխատակիցները՝ բացառությամբ նրանց, ովքեր ունեն հակացուցումներ, պատվաստվեն, քանի որ այդպիսով կկանխեն վիրուսի հետագա տարածումը, ինչպես նաև սա նոր շտամին դիմագրավելու քայլ է»,- նշեց Վարդուհի Պետրոսյանը՝ հավելելով, որ աշխատակազմում առաջին պատվաստվողները ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, տեղակալներն են եղել:

Ինչ վերաբերում է պարգևավճարներից զրկելուն՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ այն ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում:

Հավելենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 25-ի դրությամբ` կատարվել է 152529 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 108674, երկրորդ դեղաչափ` 43855։ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168-ը` առողջացած, 4590-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 310 356 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք: Ունենք 106 առողջացած և 3 մահվան դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս