 
                        Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթանակների շարքը աշխարհի գավաթի խաղարկությունում
 
                                    Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթական շարքը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:
Սոչի քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի դասական առաջին պարտիայում Մարտիրոսյանը մրցեց Իրանից Ամին Տաբատանաեի հետ:
Մարտիրոսյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 61-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Գրոսմայստերները ևս մեկ դասական պարտիա կանցկացնեն հուլիսի 26-ին:
Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        