«Եթե մենք ոչինչ չենք անում, ի՞նչ իրավունքով ենք դիմելու ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին․ ՀԱՊԿ-ն ասում է՝ նստած կառուցողական բանակցում եք, էլ ի՞նչ իրավունքով կարող եք դիմել․․․». ադրբեջանագետ

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից պարբերաբար լարվածության գլխավոր պատճառներից մեկը, ըստ ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի, այն է, որ  Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Ադրբեջանի նպատակը չի փոխվել, իսկ դա այն է, որ Հայաստանը ստորագրի պայմանագիր, որով կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը: Սահմանին լարվածություն ստեղծելը նաև Ադրբեջանի ջղային պատասխանն է այն ուղերձների համար, որ գալիս են Մինսկի խմբից: Ալիևը տարբեր միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շոշափում է, որ Արցախի հարցն իբրև թե փակված է, սակայն ստանում է բացասական պատասխան:

Հուլիսի 20-ին էլ Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Կրեմլի պաշտոնական կայքը հայտնեց, որ ՌԴ նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին տարածաշրջանային կարգավորման հարցում «փոխզիջումային լուծումներ գտնելու համար»՝ շեշտելով, որ «եթե ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով:

Երկուսն էլ ասացին, որ Արցախի հակամարտության էջը փակված է, բայց տարբեր բաներ նկատի ունեին, ու տեսախցիկներից այն կողմ առանձնազրույցի ժամանակ Պուտինը ևս մեկ անգամ բացատրել է, թե ինչու է համարում, որ Արցախի հարցի ռազմական փուլը փակված է: Պատասխանը մեկն է, այնտեղ ռուսական ներկայությունն է»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգորի Այվազյանը՝ շեշտելով, որ այս ամենի պատճառով է Ադրբեջանը փորձում նոր օջախներ ստեղծել Հայաստանի սահմանին, որպեսզի օրակարգը փոխվի, և մենք կրկին վերադառնանք քննարկելու ռազմագերիների հարցը, մոռանանք Արցախի մասին, խոսենք ՀՀ տարածքային ամբողջականության մասին, և այլն:

«Ադրբեջանն ուզում է ահաբեկել ՀՀ բնակչությանը, որոշ չափով ստիպել հայկական  կողմին՝ գնալ զիջումների և փաստացի օրինականացնել ստեղծված իրավիճակը: Ռուսաստանին Հարավային Կովկասը որպես ամբողջություն է հետաքրքրում: Մաս-մաս ներկայացում ունեն Արցախում և Հայաստանում և կոմունիկացիաների հարցն այդպես են դիտարկում, իսկ Ադրբեջանն այլ կերպ է դիտարկում. ուզում են՝  ուղիղ, ցամաքային  կապ  ստեղծվի Հայաստանի կողմից անվերահսկելի Նախիջևանի ու Ադրբեջանի և Թուրքիայի միջև:

Այնպես որ՝ ՌԴ-ում փոխզիջման կոչը, որն ուղղված էր Ադրբեջանին, նշանակում է՝ մի՛ պնդեք, որ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված է, երկրորդ՝ մի սրեք հարաբերությունները, և երրորդ, եթե սահմանների բացման մասին խոսք է գնում, ապա նպաստեք, որ ամբողջապես բացվեն: Չպետք է մոռանանք, որ Ռուսաստանն է արդեն Արցախի անվտանգության երաշխավորը և, կամա թե ակամա, ուղղակի թե անուղղակի՝ նաև հակամարտության կողմ: Հիմա, երբ Ադրբեջանը պնդում է, որ Արցախն իրենցն է, և վերջ, հակամարտության մեջ արդեն Ռուսաստանի հետ են մտնում, իսկ մենք չպետք է տուրք տանք ադրբեջանական սադրանքներին:

Տուրք չտալ՝ նշանակում է՝ լիարժեք պատասխանել, ոչ թե լռել և թույլ տալ ադրբեջանական ագրեսիայի զարգացում տարածաշրջանում, պետք է համապատասխան հակազդեցություն ցուցաբերել և միայն այդ պարագայում կարող ենք արժանապատվորեն դիմել ՀԱՊԿ-ին: Մեր ուժերով պետք է զսպենք նրանց, երբ չստացվի, դիմենք մեր բարեկամ երկրներին։ Բայց եթե ոչինչ չենք անում, ի՞նչ իրավունքով ենք դիմելու ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին, ասենք՝ միջամտիր, մեր տարածքից հանիր զորքերը: ՀԱՊԿ-ն ասում է՝ նստած կառուցողական բանակցում եք, էլ ի՞նչ իրավունքով կարող եք դիմել: Սև լիճը քո տարածքն է, դրա շուրջ որևէ բանակցություն չպետք է լինի, արտաքին քաղաքականության ոլորտում էլ մեր դաշնակիցների զայրույթը չպետք է հարուցենք. պետք է զգուշորեն նշանակել արտաքին քաղաքականության պատասխանատուի»,- մանրամասնեց ադրբեջանագետը:

Գրիգորի Այվազյանը շեշտեց. «Բացառվում է սահմանազատումն ու սահմանագծումը՝ առանց Արցախի կարգավիճակի, դա ինքնասպանության նման կլինի, Արցախի հարցը կփակենք հօգուտ Ադրբեջանի: Եթե խաղաղության պայմանագիր չկա, ինչպե՞ս է դա լինելու: Իսկ խաղաղության պայմանագրում պետք է նշվի՝ Արցախն ո՞ւմ է պատկանում. անկախ պետություն է, միջազգային կառավարման ներքո գտնվող գոտի է, վիճելի տարածք է, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի մաս է»:

Տեսանյութեր

Լրահոս