Ճապոնական ընկերությունների հետ քննարկումները հեռանկարային հնարավորություն են Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին աջակցելու համար․ նախագահի աշխատակազմ
Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Ճապոնիայում է՝ ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով։ 168.am-ը հարց էր ուղղել նախագահի աշխատակազմին՝ տեղեկանալու ուրիշ ի՞նչ հանդիպումներ է ունենալու Արմեն Սարգսյանը Ճապոնիայում, և ո՞ր կողմն է հոգում այցի ֆինանսական ծախսերը։
Ի պատասխան մեր հարցման՝ նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ մի շարք երկրների ղեկավարների հետ օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա գտնվելուց բացի՝ նախագահ Սարգսյանը, աշխատանքային այցի շրջանակում նաև մի շարք հանդիպումներ է ունենալու Ճապոնիայի ղեկավարության հետ։
«Հայաստանի նախագահին ընդունել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ: Նախագահ Սարգսյանը հանդիպելու է նաև ճապոնական մի շարք խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ:
Հատկապես ներկա իրավիճակում, երբ մեր երկրի համար կարևոր է օտարերկրյա գործընկերների հետ կապերի ստեղծումը, դրանով իսկ՝ հնարավոր ներդրումների համար ճանապարհ հարթելը, նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Ճապոնիա ձեռք է բերում առանձնակի կարևորություն:
Ճապոնական ընկերությունների հետ հանդիպում-քննարկումները հեռանկարային հնարավորություն են Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին աջակցելու համար: Նման հանդիպումները միտված են արտերկրի խոշոր ընկերությունների ուշադրությունը բևեռել Հայաստանի վրա՝ ընդգծելով մեր երկրի ներուժը մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, նկատի ունենալով նաև հնարավոր համագործակցության հեռանկարը:
Հանրապետության նախագահի՝ Ճապոնիա աշխատանքային այցի ծախսերի հիմնական մասը հոգում է Միջազգային օլիմպիական կոմիտեն, իսկ նախագահի կեցության ծախսը իրականացվում է պետական բյուջեով Հանրապետության նախագահի աշխատակազմի համար նախատեսված միջոցներից:
Ճապոնիայում նախագահ Սարգսյանը գտնվելու է հուլիսի 23-27-ը: Հաշվի առնելով, որ նախագահն օգտվել և օգտվելու է տարանցիկ կանոնավոր չվերթներից՝ ևս 2-3 օր տևում են թռիչքները (մեկնումը և վերադարձը):
Միջոցներ խնայելու նպատակով նախագահ Սարգսյանը նախընտրել է կառավարական օդանավի փոխարեն օգտվել սովորական չվերթներից, ինչը 7 անգամ ավելի էժան է: Հիշեցնենք, որ մի շարք աշխատանքային այցերի դեպքում ևս Հանրապետության նախագահն օգտվել է սովորական չվերթներից, իսկ այցերի հետ կապված որոշ ծախսերի վճարումներ կատարվել են նրա անձնական միջոցներից»,-ասվում է նախագահի աշխատակազմից 168.am-ին ուղարկված պատասխանում: