Ներքին զորքերը կառավարական շենքերի ու ամառանոցների պահպանությունը գերադասում են երկրի սահմանների պաշտպանությունի՞ց
168.am-ի տեղեկություններով՝ քննարկում է տեղի ունեցել ՀՀ սահմանների ամրապնդման առնչությամբ: Առանցքում եղել է այն խնդիրը, որ քանի որ Զինված ուժերի կազմը բավարար չէ ողջ սահմանագծի պաշտպանությունն ապահովելու համար, Զինված ուժերը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են ոստիկանությունից և ներքին զորքերից ռեսուրս խնդրելու անհրաժեշտության մասին:
Մեզ ասացին, որ ներքին զորքերի հրամանատարը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ առաջարկված պաշտպանության ենթակա որոշակի հատվածներից իր ենթակայության տակ գտնվող զորքերը հրաժարվում են, չեն ուզում բարձրանալ ու պահել այդ դիրքերը:
«Այս պահին քննարկում են, որ ոստիկաններին ավելի թույլ ու անվտանգ սահմանագծերի պաշտպանությունն առաջարկեն, իսկ բանակի անձնակազմը կանգնի ավելի վտանգավոր տեղերում»,- ասաց մեր աղբյուրը:
Բացի դրանից, խնդիր է նաև այն, որ ներքին զորքերի բավականաչափ թվակազմ, օրինակ, կառավարական շենքերի ու ամառանոցների պահպանությամբ է զբաղված:
«Այսինքն՝ նույն ներքին զորքերի ռեսուրսներն այնքան էլ բավարար չեն, և ամենակարևորը, կառավարական շենքերի ու ամառանոցների պահապանությունն ավելի գերակա հարց են համարում, քան երկրի սահմանների պաշտպանությունը»,- ասացին մեզ:
Ըստ մեր տեղեկությունների՝ Պաշտպանության նախարարությունում վերջին կադրային փոփոխություններից հետո, հատկապես Արշակ Կարապետյանի՝ ՊՆ նախարար նշանակվելու համատեքստում, զգալի քանակությամբ սպաներ՝ շուրջ 600-700 անձնակազմ, պատրաստվում են զորացրվել, ինչը նույնպես մեծ հարված կլինի պաշտպանական գերատեսչության համար:
«Բանակը շատ դժվար է մարսում, երբ ոչ զորքերից՝ դրսից որևէ մարդ է նշանակվում Պաշտպանության նախարար կամ Գլխավոր շտաբի պետ: Նա զորքերից չի եղել: Նրա լավագույն պաշտոնը ռազմական հետախուզության պետն էր, ինչը նույնպես դժվար է համարել զորքերի պաշտոն: Նույնը, իհարկե, ինչ-որ իմաստով՝ նաև Վաղարշակ Հարությունյանին է վերաբերում, չնայած նա գոնե մի շրջան աշխատել է ՊՆ-ում»,- ասաց մեր աղբյուրը:
Ըստ նրա՝ բանակում ծանր են տարել նաև այն, որ Արշակ Կարապետյանին ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, ով իր խոսքում, շեշտելով իրենց թիմի ձեռքում ժողովրդից ստացած «պողպատյա մանդատի» առկայությունը, ընդգծել է, որ իրենց քաղաքական թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», բանակի թիկունքին է:
«Բանակում տարակուսած են՝ հիմա սա բանակի քաղաքականացո՞ւմ է, թե՞ ոչ»,- եզրափակեց մեր աղբյուրը: