Մինչև պատերազմը նա գիշեր-ցերեկ քաղաքի տարբեր շինհրապարակներում էր, իսկ պատերազմի սկսվելու պահից՝ ռազմաճակատում. Գորիսում պահանջում են ազատ արձակել Առուշ Առուշանյանին

Գորիսում օրերս  մեկնարկել է ստորագրահավաք՝ հաջակցություն համայնքապետ Առուշ Առուշանյանի: Հիշեցնենք՝   հուլիսի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՔԾ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կալանավորվել է:

Ակսել Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Գորիսի մտավորականների այս նախաձեռնությունն ինքնաբուխ է:

«Ակնհայտ է, որ քաղաքական ֆակտորը գործում է. դա ոչ մի ձևով քողարկել հնարավոր չէ,- համայնքապետի կալանավորման մասին նշեց Վարդան Սարգսյանը, ապա նկատեց, որ Առուշ Առուշանյանը եզակի գործիչներից է, որ ընտրությունների ժամանակ ստացել է բացարձակ մեծամասնության քվեն, և եզակի համայնքապետ, որը ջանքուեռանդ չի խնայել Գորիսը բարեկեցիկ, եվրոպական մակարդակի բնակավայր դարձնելու համար,- Եվ մինչև պատերազմի սկիզբը նա գիշեր-ցերեկ քաղաքի տարբեր շինհրապարակներում էր, իսկ պատերազմի սկսվելու պահից՝  ռազմաճակատում էր»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ պատերազմի օրերին ռազմաճակատում Առուշ Առուշանյանի նվիրումը տեսել է սեփական աչքերով, երբ հետևելով երիտասարդների օրինակին՝ մեկնել է ռազմաճակատ.

«Ես տեսել եմ ոչ միայն իր, այլև իր ընտանիքը ներդրումը. գիշերային հերթապահությունից հետո նրա ընտանիքի կողմից խրամատներ բերված նախաճաշն էր մատուցվում:

Նա եզակի գործիչ է, ու շատ ցավում եմ, որ բախվել է նման անարդարության»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ստորագրահավաքից՝ Վարդան Սարգսյանը պատասխանեց. «Ընդամենն ակնկալում ենք այն, որ մեր իշխանությունները, քանի որ կան ու ներկայանում են՝ որպես ժողովրդավարության մունետիկներ, հարգեն ժողովրդի ընտրության իրավունքը, և ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրված թեկնածուի նկատմամբ գոնե խափանման միջոցն ընտրեն ստորագրությամբ չհեռանալը. սա առաջին հերթին հարգանք կլինի հենց Գորիս համայնքի ընտրողների նկատմամբ, քանի որ նա եզակիներից է, որ քաղաքապետ է ընտրվել 98-99 տոկոս ձայներով»:

Մշակութային գործիչն անդրադարձավ նաև Սյունիքում առկա մտահոգիչ իրավիճակին վստահեցնելով՝ հեշտ չէ Սյունիքին տիրելը. «Գաղտնիք չէ Սյունիքի ռազմավարական նշանակությունը. դա եղել է, կա նաև այսօր ու լինելու է վաղը: Այստեղ բախվում են մեծ երկրների շահեր, և այդ շահերի փոփոխությունից փոփոխվում են նաև իրավիճակները: Դա պատմական պրոցես է, և պրոցեսի ընթացքում Սյունիքն ապացուցել է, որ կենսունակ է»:

Հայաստանի նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, Հայաստանի ու Արցախի նկարիչների միության անդամ Ժիրայր Մարտիրոսյանը ևս ստորագրահավաքը նախաձեռնողներից է: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես նշեց.

«Ես անձամբ դեմ եմ Առուշ Առուշանյանի կալանավորմանը, որովհետև ինքը լավագույն երիտասարդ գորիսեցիներից է, լավագույն համայնքապետ և այս երեք տարիներին շատ բան է արել Գորիսի համար, սիրվել է՝ որպես համայնքապետ:

Գորիսեցիները պատրաստ են սատար կանգնել իրեն»:

Ժիրայր Մարտիրոսյանը խոսեց նաև 44-օրյա պատերազմի բերած վտանգների, Սյունիքում և Արցախում առկա տրամադրությունների մասին՝ համոզումով, որ ներկա ու նախկին իշխանություններն ունեն իրենց մեղքի բաժինն այդ խնդիրների շուրջ.  «Այն ժամանակ, որ թշնամին 150-200 կմ հեռու էր Գորիսի սահմանից, այժմ՝ հաշվի, թե Գորիսում է. Գորիսից դեպի Շուռնուխ, Որոտան 10-15 րոպեի ճանապարհ է:

Մի քանի օր առաջ Արցախում ցուցահանդես էր, ինձ հրավիրեցին՝ որպես միության անդամ, գնացի և տրամադրությունս ընկավ. այդ ամբողջ ճանապարհը զինվորականներ էին, թվում էր՝ Աֆղանստան ես գնում: Ահավոր վիճակ էր. տրամադրությունս ընկել է: Չպետք է լիներ, բայց փաստը փաստ է»:

Տեսանյութեր

Լրահոս