Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանը Տավուշի մարզում հանդես կգա «1 000 ու մի ելք» ներկայացմամբ

Դերասան Վարդան Պետրոսյանը հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը Տավուշի մարզի գյուղերում ու քաղաքներում հանդես կգա «1000 ու մի ելք» ներկայացման բարեգործական շարքով:

Այս մասին Պետրոսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում զետեղված տեսանյութով:

Դերասանը նշում է, որ ելույթ կունենա Չինարի, Արծվաբերդ, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր գյուղերում և շրջկենտրոն Բերդում:

Ներկայացումների տոմսերի վաճառքից հավաքված ամբողջ գումարը փոխանցվելու է «Մշակութամետ» նախաձեռնությանը՝ մարզերում բնակվող տաղանդավոր երեխաների համար երաժշտական գործիքներ ձեռք բերելու և նրանց մշակութային կրթությունն ապահովելու համար:

Համերգաշարի կազմակերպիչն է «Մշակութամետ» երիտասարդական նախաձեռնությունը։

«Մշակութամետը» գաղափարակից անհատների նախաձեռնություն է, ովքեր համախմբված են մարզերում մշակութային կրթության հնարավորություններ ստեղծելու նպատակի շուրջ:

Նախաձեռնության շրջանակում շուրջ քսան կամավոր ամեն շաբաթ մեկնում է սահմանամերձ գյուղեր՝ տեղի երեխաներին 15-ից ավելի մշակութային առարկաներ դասավանդելու համար, այդ թվում՝ վոկալ, դաշնամուր, կիթառ, քանոն, թավջութակ, ջութակ, դհոլ, դուդուկ, շվի, կլարնետ, ֆլեյտա, ազգային երգ ու պար, կարպետագործություն, ասեղնագործություն, նկարչություն, լուսանկարչություն, դերասանական արվեստ, արվեստի պատմություն, սոլֆեջիո:

Վերջին կես տարվա ընթացքում նման դասընթացներ իրականացվել են Տավուշի մարզի Այգեձոր և Չինարի գյուղերի շուրջ 300 երեխաների համար։ Այս գյուղերում գործել է նաև նախապատրաստական խմբակ՝ մանկահասակ երեխաների համար։ Անցկացվել են մեդիագրագիտության ու մասնագիտական կողմնորոշման դասընթացներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս