![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիան Կիպրոսի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները սադրանք է որակում
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/1058758.jpg)
Ֆրանսիան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցի ընթացքում արած հայտարարությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:
«Ֆրանսիան խորապես ցավում է այն միակողմանի քայլի համար, որը համաձայնեցված չէր և համարվում է սադրանք»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ նման հայտարարությունները խաթարում են վստահության վերականգնման գործընթացը, որն անհրաժեշտ է կիպրական հարցի արդար ու տևական լուծման նպատակով բանակցությունների վերսկսման համար:
Իր այցի շրջանակում Էրդողանը պաշտպանել էր երկու պետության՝ Կիպրոսի Հանրապետության և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության գոյության գաղափարը՝ որպես կիպրական հարցի լուծում: Նա նաև ողջունել էր թուրքական կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատվածում Վարոշա քաղաքի վերաբացման մասին որոշումը: