«Ծավալուն ինժեներական աշխատանքներ են կատարվում, մեր ներքևի թաղամասում բերել, հավաքովի շինություններ են սարքում». Շուռնուխի գյուղապետ

Ադրբեջանը Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում սկսել է ակտիվ ինժեներական աշխատանքներ կատարել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Ծավալուն ինժեներական աշխատանքներ են կատարվում, մեր ներքևի թաղամասում բերել հավաքովի շինություններ են սարքում` «բոքսեր», որ տեխնիկաներ մտնեն ու դուրս գան։ Մեր գյուղի վերևի դիրքում կրկին տեխնիկա է աշխատում, սա այն պոստերն է, որը մենք մեզ համար էինք սարքել, բայց եկան, տվեցին նրանց»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ Երասխում տեղի ունեցած կրակոցների ժամանակ Շուռնուխում զարմանալիորեն հանգիստ է եղել, թշնամին սսկվել է։

«Մեզ մոտ իրականում թշնամին անհասկանալիորեն սսկված է, սա էլ է մեզ անհանգստացնում, չենք հասկանում, թե ինչու են այսքան հանգիստ։ Ամեն պահի պատկերացնում ենք, որ այստեղ ինչ-որ բան կսկսվի, բայց իրենք ամբողջովին հանգիստ են։ Միգուցե սա էլ է հոգեբանական ճնշման ձև, չգիտեմ, ամեն դեպքում, երբ Երասխում լարված է, որ գյուղապետը վիրավորվում է, այստեղ ամեն մեկը լսում է, ու բոլորի մոտ անհանգստություն է առաջացնում։ Մարդիկ, որոնք ասում են, թե Սյունիքն անվտանգ է, այդ բառակապակցությունը՝ «անվտանգ», ինձ մոտ ուղղակի զարմանք է առաջացնում։ Եթե մեր գյուղի կեսը իրենց ձեռքում է, ինչպե՞ս կարող է անվտանգ լինել, ավելի վատը կլինի»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է սյունեցի մի շարք համայնքապետերի բերման ենթարկելուն ու կալանավորելուն, Հակոբ Արշակյանն ասաց, որ դա թողնում է առանց մեկնաբանության։

«Թողնում եմ առանց մեկնաբանության, ինքներդ հասկացեք։ Իմ կարծիքն այստեղ էական չէ, էականն այն է, որ ձերբակալում են սյունեցի համայնքապետերին։ Ինչ վերաբերում է իմ նկատմամբ նման գործընթաց սկսելուն, ապա ես այստեղ անհանգստանում եմ նրա համար, որ մինչև հիմա չեն սկսել, չեն եկել, չեն տարել, ամենածանրը այս սպասողական վիճակն է»,- կատակելով ասաց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներին, Հակոբ Արշակյանն ասաց, որ մի կերպ ավարտել են խոտհունձը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս