Վազգեն Մանուկյանի պաշտպանները միջնորդեցին վերացնել Մանուկյանի խափանման միջոցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացավ Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ նրա կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:
Դատական այս նիստի ընթացքում դատարանն անդրադարձավ Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդության քննությանը:
Վարդևանյանը միջնորդել էր դատարանի վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
Վարդևանյանի խոսքով՝ ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ նախաքննության ավարտից հետո Մանուկյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ, և խափանման միջոցի կիրառումը օրինաչափ չէ:
Վազգեն Մանուկյանի՝ պատշաճ վարքագիծ դրսևորելուն անդրադարձավ նաև Մանուկյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ խնդրելով դատարանից Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել:
Գործով դատախազ Ստեփանյանն առարկեց պաշտպանների միջնորդությանը՝ նշելով, որ անձի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելը չի կարող հիմք հանդիսանալ խափանման միջոցը վերացնելու համար:
Դատախազի խոսքով՝ չեն վերացել խափանման միջոցը կիրառելու ժամանակ առկա հիմքերը, որոնք էին՝ վարույթն իրականացնող մարմնի պահանջով չներկայանալը, ինչպես նաև գործի քննությանը խոչընդոտելը, նոր հանցանք կատարելը:
Որպես արձագանք՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը միայն թաքնվելու հիմքը չեզոքացնելու համար է կիրառվում:
Դատարանը կողմերի դիրքորոշումները լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16:00-ին: