Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
Հուլիսի 16-ին, ժամը 18:57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1988 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և մոտ 5 մ գլորվելով՝ հայտնվել գետի մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հրաժարվել բուժօգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել գետից: