Վախվորած ու շշուկով հասարակություն

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Պատգամավորի ձեռքի ծախսը այսօրվա Հայաստանում բարձրացնել 250 հազարի` բացառիկ անբարոյականություն է։
Չի կարող պատգամավորի ձեռքի ծախսը լինել ավելի շատ, քան` ուսուցչի, բժշկի, գիտաշխատողի, դասախոսի և այլ ոլորտների մասնագետների աշխատավարձը։ Սա իսկապես անբարոյականություն է։

Բայց որքանո՞վ է ճիշտ` այսօր կողքից փորձել պաշտպանել նրանց շահերը։ Կոչ կանեմ իմ գործընկեր հանրային գործիչներին՝ նույնպես մի պահ կանգ առնել։ Որքանո՞վ է ճիշտ` պաշտպանել այն միավորի շահերը, որն ինքը չի ուզում իրեն պաշտպանել։ Որքանո՞վ է դա ճիշտ անել հունիս 20-ից հետո։

Ուսուցիչները, դասախոսները, գիտաշխատողները, բժիշկները լուրջ համայնքներ են, կրթված մարդիկ, և օրերից մի օր պետք է սովորեն իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանել։ Անել դա ոչ թե վախվորած ու շշուկով, ոչ թե խեղճի ու անօգնականի հոգեվիճակով, այլ` հրապարակային ու արժանապատիվ ձևով, ինքնակազմակերպման մեխանիզմներ գտնելով։

Ես իմ կյանքում հազար անգամ լսել եմ. «բայց մենք ի՞նչ կարող ենք անել, մենք ո՞վ ենք» արտահայտությունը։ Սա նշանակում է` մենք ձայն չհանենք, մնանք ապահով ստվերում, բայց դուք մի բան արեք` փրկեք մեզ, մեր ոլորտը, մեր երկիրը և այլն։ Այդ ձևակերպումը լսել եմ դասախոսից, սպայից, բժշկից, խոշոր ու միջին գործարարներից, բարձրաստիճան պաշտոնյաներից, ընդհուպ մինչև վարչապետեր և այլոք։

Այն ուսուցիչները, ովքեր իրենց աշակերտների ձեռքը բռնած «քշվում» էին Նիկոլի միտինգներին, գուցե հիմա մտածեն՝ ինչո՞ւ են իրենց հետ այսպես վարվում, գուցե սկսեն իրենք իրենց հարցեր տալ։

Թող բժիշկները մտածեն, թե ինչո՛ւ չեն կանգնում իրենց գործընկերոջ` պրոֆեսոր Չարչյանի կողքին։ Խոսքը վախվորած հայտարարության մասին չէ, այլ փողոցում կանգնելու, Նիկոլի շենքի դիմացից չհեռանալու, արժանապատիվ ընդվզելու մասին է։

Պատերազմը և հունիսի 20-ի ընտրությունները շատերի կյանքում խորը վերաիմաստավորումներ են արել, փոխել շատ բան։

Ինչո՞ւ է առ այսօր Նիկոլն իշխանության. որովետև այսպիսին է հասարակությունը՝ վախվորած ու շշուկով։

Հիմա խնդրեմ՝ արդար քրտինքով, դժվար ու պատվաբեր մասնագիտությամբ տուն պահող հարյուր հազարավոր ուսուցիչները, բժիշկները, դասախոսները թող արժանապատիվ ձևով ընդվզեն. Նիկոլի պատգամավորի ձեռքի ծախսը կրկնակի ավելի է, քան իրենց աշխատավարձը»։

Տեսանյութեր

Լրահոս