Բաժիններ՝

Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք առաջադրելու մասին: «ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ալեհավաք կայանների տեղադրման համար Լոռու մարզի Ջրաշեն համայնքի հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։

Պարզվել է, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ հետագա տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է հրապարակային սակարկություններ: Գլխավորելով հրապարակային սակարկությունները՝ նա կազմակերպել և օրենսդրության պահանջների խախտմամբ անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որով հաղթող է ճանաչվել իր որդին: Արդյունքում 2006թ. հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարվել է վերջինիս, կնքվել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի որդուն:

Դրանից մեկ ամիս անց վերջինս, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարով նույն հողամասը վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության օպերատոր ընկերությանը և մինչև 2021թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածի համար հիշյալ կազմակերպությունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.260.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ:

Դրա հետևանքով ծանր վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին և օրինական շահերին՝ համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքից և այդ գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 17.260.000 ՀՀ դրամի չափով, եկամուտ ստանալու հնարավորությունից։ Ելնելով նույն շահադիտական դրդումներից՝ համայնքի ղեկավարը մինչ օրս որևէ միջոց չի ձեռնարկել նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու, հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ։

Նշված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար Ջրաշեն համայնքի ղեկավարին 16․07․2021 թվականին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղությամբ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս