«Ռուս սահմանապահները երևի 2 օրից կգան, ընտանիքներով Սոթքում են ապրելու, Կութում պոստ պահեն»․ Կութի գյուղապետ
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սոթք գյուղի հատվածում երեկ տեղի ունեցած կրակոցներին, վստահեցրեց, որ Կութում իրավիճակը հանգիստ է, որևէ արտառոց բան չի կատարվում, գյուղացիներն էլ իրենց առօրյա գործերով են զբաղված։
«Մեր գյուղի հատվածում կրակոցներ չի եղել, ես չեմ լսել․․․ Գյուղացիներից մի քանիսին երեկ հարցրեցի՝ կրակոցներ լսե՞լ եք, մի հոգի ասաց՝ էն սարի հետևը, ոնց որ օդ կրակեցին, լսեցինք․ դա ընկնում է Սոթքի տարածքում, բայց մենք գյուղապետարանում ենք եղել, կրակոցի ձայն չի լսվել․․․
Տղերքն էլ, հեն ա, կամաց-կամաց բարձրանում են մեր վերևի խոտհարքերը, սկսել են խոտը քաղել։ Էն որ վախենում էին, չէին ուզում քաղեն, հիմա կամաց-կամաց սկսել են քաղել․ ադրբեջանցիները հլը որ ոչ մի բան չեն անում․․․»,- ասաց Կութի գյուղապետը։
Սիմա Չիտչյանը հունիսի 30-ին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ 2 օրից ռուսական զորքը տեղակայվելու է գյուղում, արդեն տեղն էլ են որոշել, թե որտեղ են տեղադրելու վագոն-տնակները։ Գյուղապետից այսօր հետաքրքրվեցինք, թե արդեն տեղակայվե՞լ է ռուսական զորքը․
«2 օր առաջ եկել են, այստեղ հարմար տեղ չի եղել, որովհետև իրենք ընտանիքներով պետք է գան, կողքի գյուղում՝ Սոթքում, ոնց որ հարմար տեղ են գտել, պետք է այնտեղ մնան, այստեղ էլ գան պոստ պահեն․․․ Երևի այս 2 օրը գալու են․․․»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։