Դատապարտում ենք Բելգիայի դեսպանի այցը Շուշի. Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱԳ նախարարին

Հայ դատի Բելգիայի հանձնախումբը նամակ է հղել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսին՝ իր բողոքն արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանում Բելգիայի դեսպանը, ի թիվս այլ երկրների դիվանագետների, համաձայնել է մասնակցել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ, մասնավորապես Շուշի՝ նախագահ Իլհամ Ալիևի կազմակերպած այցին:  Հայ դատից արձանագրել են, որ Բելգիայի կողմից մասնակցությունն այդ այցին խստորեն դատապարտվել է հայ համայնքի կողմից:

«Ընդունելով այս հրավերը՝ Բելգիայի դիվանագիտությունն, ըստ էության, մասնակցեց Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քարոզչությանը, որի նպատակն է արդարացնել էթնիկ զտումն ու պատերազմական հանցանքները, ինչի հետևանքով ամիսներ առաջ տուժել է Շուշիի, ինչպես նաև Արցախի մյուս հատվածների բնիկ հայ բնակչությունը:

Սա լրջորեն վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերը՝ գտնելու տևական, խաղաղ ու արդար կարգավորում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար: Բելգիական կողմի մասնակցությունը մեզ շատ ավելի զարմացրեց՝ հաշվի առնելով նաև այն, որ Բելգիան և Դուք անձնապես Ձեր անվերապահ աջակցությունն եք հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Ուստի, շատ ավելի լավ կլիներ, եթե հետևեիք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների օրինակին, որոնք հրաժարվեցին մասնակցել այս ուղևորությանը: Նրանց կողմից հրաժարվելը հստակ ուղերձ էր առ այն, որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ»,- նշվում է Բելգիայի ԱԳ նախարարին ուղղված նամակում:

Հայ դատի հանձնախմբից հիշեցրել են, որ ադրբեջանական ուժերի բարբարոսությունների հետևանքով տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց տները: Իսկ Ադրբեջանն այժմ անցել է պատմության խեղաթյուրման իր ծրագրին: Հանձնախմբից անդրադարձել են նաև փաստին, որ ադրբեջանական ուժերը խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Բելգիայի մասնակցությունն այս այցին հակասում է Ձեր՝ որպես արտգործնախարար, անձնական կոչերին, որտեղ պահանջում էիք անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, ովքեր Բաքվի բանտերում ենթարկվում են անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի»,- նշել են Հայ դատի Բելգիայի հանձնախմբից:

Որպես Բելգիայի լիիրավ քաղաքացիներ, ովքեր շարունակում են հարգել այդ երկրի և Եվրոպայի արժեքները՝ հանձնախմբի անդամները հորդորել են կառավարությանն ու մասնավորապես նախարարին՝ դատապարտել Ադրբեջանի գործողությունները: «Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ չի կարող լինել տևական խաղաղություն առանց արդարության, իսկ որպեսզի խաղաղությունը մնայուն լինի, դրան պետք է աջակցի ժողովրդավարական աշխարհը»,- նշել են Հայ դատի հանձնախմբի անդամները:

 

Տեսանյութեր

Լրահոս