Կյանքում մարդկանց ամենից շատ «սպանում է» շրջապատի անտարբերությունը
Մեր Տերն ասում է. «Ով որ Ինձ հետ չէ, հակառակ է Ինձ, և ով Ինձ հետ չի հավաքում, ցրում է» (Ղուկաս 11:23): Յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ ինչ հարաբերություններ կառուցի Աստծո հետ:
Կյանքում մարդկանց ամենից շատ սպանում է շրջապատի անտարբերությունը: Այն մարդը, ով անտարբեր է ուրիշի կյանքի նկատմամբ, անտարբեր է նաև իր կյանքի հանդեպ: Քրիստոս ասել է՝ «Ով ընդունում է ձեզ, ընդունած կլինի Ինձ» (Մատթ. 10:40): Քանի մեր հոգում չի բնակվում Աստված, մեր հոգին դատարկ է, իսկ կյանքը անիմաստ: Կյանքի մեծագույն երջանկությունը Աստծո հետ ապրելու մեջ է: Քչերս ենք այս ամենը գիտակցում ճիշտ պահին, հաճախ գնում ենք դեպի Տերը, երբ զգում ենք՝ սպասվող վտանգը: Իրականում, Աստծո հետ ապրելով, ցանկացած փորձություն հաղթահարում ենք ներքուստ մեծ ուժ զգալով, այն վստահաբար հաղթահարելու հավատով: Ու այս ամենին հասնելու համար մարդուն հարկավոր է մաքուր և անկեղծ հավատ:
Ինչքանով որ անհատը պատրաստ լինի ապրել Աստծո հետ, այնքանով նա կխուսափի իր դառը փորձի հիման վրա սովորելուց: Ու երբ ամեն անգամ զգում ես՝ որքան հրաշալի է քո կյաքը՝ Նրա հետ ապրելով, հասկանում ես, որ քո հավատը կփրկի քեզ:
Մարդը կոչված է՝ հոգևոր կյանքում աճելու և առաջ գնալու, եթե կատարելության տանող որևէ աստիճանի վրա կանգ ես առնում, նշանակում է նույն պահին ընտրում ես ետ դառնալու ճանապարհը:
Եկե՛ք սկսենք Աստծուն որպես մեր Արարիչ ընկալելուց և հասկանանք, որ մենք մաս ենք կազմում Նրա արարչագործության և ստեղծված ենք Նրա պատկերով։ Թեև արարչագործության փայլը խամրել է մեղքի անկման պատճառով, սակայն այն մեզ օգնում է ընկալել Աստծո գործերը: Գիտակցում ենք, որ մեղքից խուսափելը անհնար է, բայց հավատով նորից Տիրոջ մոտ դառնալը պարտադիր է: