Ալիևը կոմպրոմատ ունի, փաստաթուղթը կհրապարակի, եթե Փաշինյանը հանդգնի իրեն պատասխանել. Գագիկ Մինասյան

Ադրբեջանի նախագահ Ալիևը երեկ հայտարարել էր, որ ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են:
«Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր: Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք և վերադառնում ենք այնտեղ… Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք հաստատ կվերադառնանք, քանի որ այլ տարբերակ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցությունները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իրենց պապական հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք: Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա (Սևան), Իրևան (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հուլիսի 15-ի նիստում անդրադարձել էր Ալիևի այս հայտարարությանն ու նշել, որ, Զանգեզուրի մասին խոսելով, Ադրբեջանը խաթարում է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները, որ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը։ Փաշինյանը ընդգծել էր՝ հստակ է, որ նախանձախնդիր են, հետապնդելու են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացումը, ապա ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադությունը հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին երկու ամսվա ընթացքում հայկական կողմն ունի երկու զոհ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն անբավարար համարեց Փաշինյանի պատասխանն Ալիևին։

«Նման պատասխանը պատահական չէ։ Եթե դուք համարժեք պատասխան չեք տալիս ձեր ախոյանին՝ այն մարդուն, որը ձեր տարածքը համարում է իրենը, այդ դեպքում անհեթեթություն է մտածել, որ դա քո փոխարեն կանի որևէ մեկը։ Այսօր լսում եմ կապիտուլյանտի թիմի անդամներին, որոնք ասում են, որ այդ հարցը պետք է բարձրացնի միջազգային հանրությունը։ Հարց է առաջանում, եթե դուք որպես պետություն՝ պարբերաբար ձեր պետության քաղաքական ղեկավարի հասցեին ասված լկտի հայտարարարություններին անատամ պատասխան եք տալիս, որևէ մեկը ձեր փոխարեն կրակից շագանակնե՞ր պետք է հանի։ Ամենայն հավանականությամբ, Ալիևն ունի կոմպրոմատ։ Այդ կոմպրոմատի առկայությունը թույլ չի տալիս, որ կապիտուլյանտն Ալիևին համարժեք պատասխան տա։ Սրիկա Ալիևի ձեռքին կա կոմպրոմատ, և ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ դա վերաբերում է 5 միլիարդ դոլարին, որը, ըստ որոշ լուրերի, փոխանցվել է այս կապիտուլյանտին՝այս ամբողջ ընթացքն ապահովելու համար։ Եթե համարձակվի համարժեք պատասխան տալ, Ալիևը ցույց կտա փաստաթղթերը»,- ասաց Մինասյանը։

Ըստ ՀՀԿ ԳՄ անդամի՝ Հայաստանի նկատմամբ ծրագրված է մի մեծ դավադրություն, և հենց դրա ծիրում պետք է դիտարկել՝ ինչպես Սյունիքի համայնքապետերի կալանավորումը, այնպես էլ՝ Տավուշում 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի զորացրումն ու երեկվա լարվածությունը՝ Երասխի հատվածում։

«Մի մեծ դավադրություն է ծրագրված Հայաստանի դեմ. արդեն խոսվում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Սյունիքի թուլացման ծրագիրն ակներև է բոլորի համար։ Այն մարդիկ, որոնք բանակի անգործության պարագայում կազմակերպել են Սյունիքի պաշտպանությունը, հիմա տարբեր շինծու մեղադրանքներով կալանավորվում են։ Այն, ինչ տեղի է ունենում Երասխում, Տավուշում, Սյունիքում, դիվային ծրագրի հերթական մասն է»,- ասաց Մինասյանը՝ որպես այդ ծրագրի բաղկացուցիչ համարելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի խաթարումը կամ դադարեցումը։

«Մի բան է Սյունիքը՝ Զանգեզուրի կոմբինատով, բոլորովին այլ բան՝ Սյունիքն առանց այդ կոմբինատի, որը մեր պետության խոշոր հարկատուն է և ապահովում է բյուջետային արտարժութային մուտքերի առյուծի բաժինը։

Իրեն հավասար մենք որևէ այլ ձեռնարկություն չունենք, այն ապահովում է տասնյակ հազարավոր աշխատատեղեր Սյունիքում, որտեղ կենսամակարդակը շատ ավելի բարձր է, քան մյուս մարզերում։ Եթե կոմբինատը դադարում է գործել, ապա թուլանում է Սյունիքը, տեղի կունենա մարդկանց արտահոսք, և խնդիրներ կլինեն պաշտպանության հետ կապված։ Դժվար է չտեսնել, որ այս իշխանության կողմից իրականացվող ծրագիրը համահունչ է Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների ցանկություններին»,- ասաց Մինասյանը՝ հիշեցնելով, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի վերաբերյալ իր դժգոհությունն է արտահայտել ադրբեջանական կողմը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս