Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունները ստեղծում է Ադրբեջանը․ Տիգրան Ավինյան

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունները ստեղծում է Ադրբեջանը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այլ տեղերում մեղավորների փնտրտուքը շատ սխալ տեղ է տանում մեզ:

«Ես արձանագրում եմ, որ ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություններ ստեղծում սահմանին, շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանանք սա, ընդունենք և համոզենք մեր միջազգային գործընկերներին»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ՝ հնարավորինս զսպված, բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգության պահպանումը մեր զինված ուժերի, սահմանապահ զորքերի պարտականությունն է:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը՝ Ավինյանը նկատեց. «Վաղ, թե ուշ անպայման սահմանագծում և սահմանազատում պետք է տեղի ունենան բոլոր հարևանների հետ: Բայց մեր սահմանը շատ կոպիտ խախտելը և մեր սահմանի ներսում տեղակայվելը, մեզ շանտաժի մեթոդներով փորձելը ինչ-ինչ գործողությունների մղելն անարդյունավետ ճանապարհ է, դա որևէ արդյունք չի կարող տալ: Նմանատիպ մոտեցումը, շանտաժի մեթոդը Հայաստանի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի համար չեն կարող ընդունելի լինել: Այո, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է Հայաստանի Հանրապետության սահմաններից»:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այժմ առաջնահերթ կարևորություն է արհեստականորեն ստեղծված խնդիրները հանգուցալուծումը, որից հետո արդեն քննարկում կսկսվի ֆունդամենտալ հարցերի շուրջ: Նա նաև համոզմունք հայտնեց, որ այս հարցը դիվանագիտական լուծում կունենա:

Տեսանյութեր

Լրահոս