Բաժիններ՝

Մեզ մոտ պատվաստանյութ չկա, քիչ է. իրանցին՝ պատվաստվելու համար Հայաստան գալու այս և այլ պատճառների մասին

Ոչ միայն հայ-իրանական սահմանին են հերթեր, այլև պատվաստման շրջիկ կետերի մոտ, հատկապես Հյուսիսային պողոտայում: Զբոսաշրջության կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ Հայաստան այս տարվա մարտ ամսին 4953 Իրանի քաղաքացի է ժամանել, իսկ հունիսին` 8597:

Իրանցի Ամիրից, ով ևս պատվաստվելու նպատակով պատրաստվում է Հայաստան գալ, հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են գերադասում գալ և Հայաստանում պատվաստվել։ Ի պատասխան՝ նա ասաց.

«Իրանում բոլորին պատվաստում են, բայց առաջին հերթին պատվաստվել կարող են միայն խոցելի խմբերը` 60-ից բարձր տարիքի մարդիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Ես 27 տարեկան եմ ու իմ հերթը դեռ չի հասել: Բացի դա, պատվաստանյութ չկա, քիչ է: Մեզ մոտ «AstraZeneca», «Քովո Իրան Բարքաթ» ու պարսկական այլ պատվաստանյութերն են: Սակայն ասում են՝ պարսկական պատվաստանյութերը վստահելի չեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ՝ իր ընկերները Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել են, 5 օր անցկացրել են ՀՀ-ում, մեկնել են ու կվերադառնան երկրորդ դեղաչափը ստանալու ժամանակ:

Նշենք, որ հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանում պատվաստվել է բնակչության մոտ 3,5 տոկոսը: Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ կա՞ հստակ թիվ, թե քանի՞ զբոսաշրջիկ է պատվաստվել, պատասխանեցին, որ Առողջապահության նախարարությունն առանձին վիճակագրություն չի վարում:

Հավելենք, որ Հայաստանում COVID-19-ի դեմ անվճար կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում, ովքեր ցանկություն կունենան պատվաստվելու, պատվաստումներն կիրականացվեն միայն, եթե վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու են Հայաստանի Հանրապետությունում: Պատվաստումը կիրականացվի անգլոշվեդական  «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, 2021 թվականի հուլիսի 9-ից` միայն Երևանում ծավալված շարժական պատվաստումային կետերում:

Ավելի վաղ լրագրողները հետաքրքրվել էին, թե ինչո՞ւ է զբոսաշրջիկներին առաջարկվում միայն բրիտանաշվեդական «AstraZeneca» պատվաստանյութը, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատասխանել էր․

«Ես միշտ կրկնել եմ, որ մեր պատվաստանյութերի հասանելիությունը, ընտրության հնարավորությունը բխում է այդ պահին մեզ մոտ առկա քանակներից, ցուցումներից, և հիմա մենք նպատակահարմար ենք գտել թողնել միայն «AstraZeneca»-ն։ Հաջորդիվ կստանանք ավելի խմբաքանակներ այլ երկրների արտադրության պատվաստանյութերից, կփոխենք կարգավորումը և ևս հնարավորություն կընձեռենք»։

Հուլիսի 8-ի դրությամբ` հանրապետությունում կատարվել է 103317 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 74479, որից` 33850 «ԱստրաԶենեկա», 17657 «Կորոնավակ», 22972 «Սպուտնիկ-Վի», երկրորդ դեղաչափ` 28838, որից՝ 6025 «ԱստրաԶենեկա», 5218 «Կորոնավակ», 17595 «Սպուտնիկ-Վի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս