Համալսարանն ուղղակի պետք է հայտարարի նվազագույն շեմը, և բոլոր դիմորդներն առանց արհեստական ընդունելության քննությունների ընտրեն մասնագիտությունն ու սովորեն. Կրթության փորձագետ
«Միասնական քննությունների ցուցանիշները տարեցտարի վատանում են, իսկ այս տարի փաստորեն ամենավատն էր, որովհետև այստեղ գործոն կա, որն ազդել է, և դա համաճարակով պայմանավորված ուսումնական գործընթացի խաթարումն էր, ինչն էլ ավելի բարդացրեց իրավիճակը՝ կրթության որակի հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ պետք է փոխել կրթական և արժեքային համակարգի վերաբերյալ վերաբերմունքը:
«Ուզում ենք արդյունքները փոխվեն, բայց ինքներս մնանք անփոփոխ: Չի կարող այնպես լինել, որ մեր վերաբերմունքը կրթության նկատմամբ չփոխվի, բայց արդյունքները լավանան, դրա համար անհրաժեշտ է դեմքով շրջվել դեպի կրթական համակարգը և պատկերացնել այն 10-20 տարի հետո: Պետք է լինի զարգացած, արդյունաբերական, տեխնոլոգիական երկիր, և բոլորը պետք է հասկանան, որ այսօրվա կրթական համակարգի հիմքերը դնելով կամ արժեքային համակարգը փոխելով և ուղղորդելով՝ մենք կկարողանանք քայլեր անել: Դա մեկ ամսվա կամ մեկ տարվա խնդիր չէ, համակարգային լուծում տալ է անհրաժեշտ: Օրինակ, բնագիտական առարկաների դասավանդումը ոչ միայն դպրոցներում լավացնենք, համապատասխան լաբորատորիաներ ունենանք, այլև միաժամանակ մտածենք բարձրագույն մանկավարժական կրթության ուղղության լավացմամբ, որովհետև չէ՞ որ այնտեղ ենք մենք ուսուցիչներին պատրաստում, որոնք հետո դպրոցներում համապատասխան գիտելիքներ, փորձ ու կարողություն են փոխանցում մեր երեխաներին: Այսինքն, համակարգային լուծումը պետք է բերի առաջնահերթությունների սահմանման:
Առաջանցիկ տեմպերով պետք է զարգացնել կրթական համակարգը, ապահովել նյութատեխնիկական բազան, բարձրացնել ուսուցիչների, դասախոսների աշխատավարձը, որով նաև հասարակական ակնածանք կարթնացնենք կրթված մարդու նկատմամբ մեր հասարակության մոտ:
Արմատապես փոխենք կադրային քաղաքականությունը: Այսինքն, նրանք, ովքեր որոշում են կայացնում հանրակրթության, բարձրագույն կրթության ոլորտում, պետք է լինեն փորձառու և խելացի մարդիկ, որոնք անցել են այդ ուղիով և կարող են կայացնել որոշումներ, որոնք ի նպաստ կծառայեն, ոչ թե կխանգարեն մեր կրթական համակարգի զարգացմանը: Եթե կարողանանք այս կոմպլեքսն ապահովել՝ շատ շուտ կարձանագրենք դրական արդյունքներ»,- նշեց կրթության փորձագետը:
Դիտարկմանը, որ, օրինակ, հաճախ են կրթության ոլորտի ներկայացուցիչները խոսում այն մասին, որ ավելի լավ է՝ առանց քննություններ հանձնելու ընդունվեն, մի քանի ամիս սովորեն, ապա նոր վատ ուսանողներին հեռացնեն, Ատոմ Մխիթարյանը նկատեց.
«Ողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է մեկ ուրիշ համակարգի, որը օր առաջ պետք է ներդնել Հայաստանում, և դա հետևյանլ է. աշակերտները հանձնում են իրենց ավարտական քննությունները, հավաքում են գիտելիքներին համապատասխան բալեր, և դրանից հետո յուրաքանչյուր համալսարան հայտարարում է իր ֆակուլտետի համար անցողիկ միավորը, ու այդ ժամանակ առանց սթրեսի յուրաքանչյուր դիմորդ կարող է իր միավորներով գնալ և նստել իր ցանկացած ֆակուլտետը, մասնակցել դասերի, իսկ հետո ընթացքը ցույց է տալիս՝ կմնան և այդ ուղղությամբ կշարունակե՞ն, թե՞ ոչ: Կարող են տարկետում վերցնել փորձ ձեռք բերելու համար, կամ փոխել մասնագիտությունը, և դա ուսանողի խնդիրն է:
Համալսարանն ուղղակի պետք է հայտարարի նվազագույն շեմը, և բոլոր դիմորդներն առանց արհեստական ընդունելության քննությունների՝ ընտրեն այդ մասնագիտությունն ու սովորեն, ոչ թե մարդը դիմի, հետո նոր քննություններ հանձնի: Իսկ եթե տեղերը սահմանափակ են, ու քննությունից ցածր են ստացել, դա նշանակում է՝ ընդհանրապես դուրս ես մնում բարձրագույն կրթության համակարգից, որովհետև արդեն ցածր միավորներով մյուս դիմորդները գրավում են նման մասնագիտությունների համար սահմանված տեղերը մյուս բուհերում, և ստացվում է, որ կորցնում ենք լավագույն գիտելիք ունեցող ուսանողների զգալի մասին»: