Թուրքիայում հայկական եկեղեցին պղծած 3 քաղաքացիները ձերբակալվել են
Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես դատապարտել էր հայկական եկեղեցու նկտամամբ անարգանքը և երկրի ՆԳՆ-ից պահանջել էր հետաքննություն սկսել եկեղեցին պղծողների և դեպքին ականատես, սակայն անգործության մատնված ոստիկանների նկատմամբ:
Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիներն արդեն ձերբակալվել են:
Միջադեպը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը և Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:
«Սրբատեղիների նկատմամբ անարգանքը անարգանք է բոլորի նկատմամբ: Մենք սադրանք ենք համարում ցանկացած գործողություն, որն ուղղված է մզկիթների, եկեղեցիների, սինագոգերի դեմ և մարդկության անունից դատապարտում ենք դրանք»,- Twitter-ում գրել է Չելիքը :
Ալթունն, իր հերթին շեշտել է, որ նրանք, ովքեր այդպիսի վերաբերմունք կցուցաբերեն սրբավայրերի նկատամբ օրենքի առաջ պատասխանատվության կենթարկվեն: