«Բոլորն իշխանություն են ուզում, իսկ մենք մեր որդիներին ենք ուզում, ասում են՝ հետաքրքրվում ենք, բայց մենք չենք նկատել». Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ

Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները 44-օրյա պատերազմից հետո իրենց որդիներին տեսնելու կամ հայրենիք վերադարձնելու հույսը կորցրել են։ Պատերազմից հետո, երբ հայկական կողմն ունեցավ բազմաթիվ անհայտ կորած ու գերեվարված զինվորներ, 90-ականներին անհայտ կորած ու գերեվարված անձանց ծնողները, թողած իրենց որդիներին, սկսեցին մտածել 18-20 տարեկան տղաների մասին, որոնց վերաբերյալ Ադրբեջանն ամեն օր դաժան տեսանյութեր էր տարածում։

168.amի հետ զրույցում «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանն ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո  վատ էին զգում բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, սակայն հունիսի 29-ին Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, երբ այցելել էին «Եռաբլուր», հանդիպել են ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, վերջինս ասել է, որ իրենք հետաքրքրվում են նաև 90-ականներին գերեվարված և անհայտ կորած անձանց ճակատագրով։

«Հիմա թե ինչպես են հետաքրքրվում, ես չգիտեմ։ Հանձնաժողովի նիստ չի կայացել, սակայն մենք մեր խնդիրը հունիսի 29-ին նրան ասել ենք։ Մենք մեր տղաներին տեսել ենք տեսանյութով, նրանք արդեն ընկած էին, այդ տեսանյութը մեր անվտանգությունն էլ ունի իր ձեռքի տակ, ՊՆ-ն էլ։ 2019 թվականին մի տեսանյութ էր տարածվել, որի մեջ տեսա որդուս՝ Շահեն Առաքելյանին, նա ընկած էր։ Այդ տեսանյութում արդեն զոհված էր նաև Հրաչյա Մովսիսյանը, Գագիկ Չանախչյանը, և այդպես մի քանի հոգու 100 տոկոսով տեսանք այդ տեսանյութում։ Ամբողջ տեսանյութում թշնամին թուրքերով խոսում էր, տղաների դիերի մոտ էին։

Ճիշտ է, թեև գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովն ասում է, որ 90-ականներին մոտավորապես 200 հոգի անհայտ կորածներ ունենք, բայց նրանց թիվը ստույգ հասնում է 400 հոգու։ Իսկ ընդհանուր առմամբ՝ առաջին հակամարտության ընթացքում 1000-ից ավելի անհայտ կորածներ կան։

Չգիտեմ, ասում են՝ հետաքրքրվում ենք, բայց մենք չենք նկատել, մեզ չեն կանչել, մեզ հետ չեն խոսել։ Բոլորն իշխանություն են ուզում, իսկ մենք մեր որդիներին ենք ուզում»,- ասաց Ռիմա Առաքելյանը։

Ինչ վերաբերում է 90-ականներին գերեվարված անձանց թվին, Ռիմա Առաքելյանը նշեց, որ թվերը տարբեր են, թիվն անընդհատ փոփոխվում է, քանի որ տարբեր խողովակներից են տեղեկանում։

«Մեր տղաներին տեսնելու հույսերը մարում են, նորից արթնանում, բոցավառվում, շատ դժվար է ասել, թե ինչ ենք զգում։ Դաժան է ինքս ինձ խոստովանել, բայց մենք մեր տղաներին անդարձ կորցրել ենք։ Մենք տարբեր խողովակներով լսում ենք, որ մեր գերեվարված տղաների մի մասին տեղափոխել են Թուրքիա ու հանքահորերում աշխատեցնում են։ Մենք ծնողներով պատրաստվում էինք հանդիպել իշխանություններին, սակայն եղավ պատերազմը, հիմա որ մենք մեր խնդիրը բարձրացնեինք, այն չէր լինի։ Մի անգամ խոսակցություն հասավ ականջիս, որ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված տղաներից մեկին ադրբեջանցի զինվորներն ասել են, թե գիտեք՝ Բաքվում քանի ռազմագերի է պահվում 90-ականներից, այսինքն՝ ստացվում է, որ դեռ ողջ տղաներ կան Ադրբեջանում»,- հավելեց Ռ. Առաքելյանը։

Ըստ նրա, նախորդ իշխանությունների հետ «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ-ն շատ լավ է աշխատել, սակայն տեսանելի արդյունք չեն ունեցել, ինչը մեծ մասամբ կապված է նաև Ադրբեջանում գործող գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի ոչ կառուցողական պահվածքի հետ, որը որևէ կերպ չի ցանկացել համագործակցել հայաստանյան հանձնաժողովի հետ։

«Այդ հանձնաժողովը որևէ կերպ չէր ցանկանում մեր հետ հանդիպել, զրուցել, քննարկել, միշտ էլ այդպես է եղել։ Բայց որքանով որ ես հասկացել եմ, ինձ հասած տեղեկություններով՝ Ադրբեջանում եղած այդ հանձնաժողովը կրել է ընդամենը ձևական բնույթ, իսկ մեզ մոտ իսկապես լավ աշխատում էր»,- ասաց Ռիմա Առաքելյանը։

Ռիմա Առաքելյանի որդին՝ Շահեն Առաքելյանը, Արցախ է մեկնել 26 տարեկանում,  1992 թվականի 29-ից անհայտ կորած է համարվում։

Տեսանյութեր

Լրահոս