Բաժիններ՝

Դա մեղքերի գիտակցման, զղջման և ապաշխարության ճանապարհն է․․․

Ամեն անգամ, երբ հայտնվում ենք որևէ խնդրահարույց իրավիճակում, սկսում ենք արդարացնել ինքներս մեզ՝ գործած արարքի համար համապատասխան արդարացումներ գտնելով: Իրականում, այո՛, անչափ հեշտ է գտնել արդարացումներ մեր թեկուզ և սխալական արարքների հարցում: Սակայն ինքներս մեզ երբևէ չենք հարցնում, թե մեր մոտեցումն այս հարցին որքանով է հաճելի Աստծուն:

Աստված մեզ տեսնում է այնպիսին, ինչպիսին մենք իրականում ենք, և կարիք չունի մեր ներկայացման և ինքնաարդարացման: Ուստի՝ կարիք չկա նաև հորինել արդարացումներ, երբ գիտենք, որ սխալ վարվեցինք որևէ մեկի հանդեպ, որևէ հարցում: Սուրբ Գրքում այս մասին ասված է. «Եթե ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհ 1:8-9):

Այսկերպ մենք ավելի ենք խորացնում մեր մեղքը և հեռանում ենք Աստծո լույսից, որի ուղղությամբ, սակայն, կոչված էինք քայլելու իբրև քրիստոնյաներ: Առավել ճիշտ և աստվածահաճո չէ՞ արդյոք ընտրել մեկ այլ ճանապարհ, որ հաճելի է Աստծուն: Դա մեղքերի գիտակցման, զղջման և ապաշխարության ճանապարհն է, որն ի զորու է մեզ առաջնորդել դեպի իրական լույսը և դուրս բերել մեզ մեր մեղքերի ճահճից: Քանի որ Աստվածաշնչում նաև ասված է. «Եթե ասենք՝ «Չենք մեղանչել», սուտ ենք հանում Նրան, և Նրա խոսքը մեր մեջ չէ» (Ա Հովհ 1:10): Խորհենք նաև այն մասին, որ մեր արարքով ապացուցում ենք, որ Աստված, Նրա խոսքը մեր մեջ չեն: Փորձենք լինել արժանի մեզ շնորհվածին, պատասխանատու՝ մեր մեղքի համար և արդար՝ մեղքը խոստովանելու հարցում: Փորձենք ապրել այնպես, որ քայլենք դեպի Աստծո լույսը և ոչ թե հեռանանք՝ մեղքերի մեջ ընկնելով:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս