Հայտնի է, թե ԿԸՀ-ից ովքեր կմասնակցեն ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին
ՀՀ սահմանադրական դատարանում 4 քաղաքական ուժերի դիմումերի հիման վրա 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կմասնակցեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և անդամ Նունե Հովհաննիսյանը:
ԿԸՀ արտահերթ նիստում նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացվել են դիմումներ, որոնցով վիճարկվում են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ներկայացված դիմումով պատասխանող հանդես է գալիս ԿԸՀ-ն:
ԿԸՀ որոշման նախագծով առաջարկվեց լիազորել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանին ՍԴ-ում մասնակցելու 4 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա 2021 թվականի հունիսի 27-ի ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործերի դատաքննությանը: Դատաքննությանը մասնակցելու համար ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին լիազորելու մասին որոշման նախագիծը քվեարկության ստացավ 7 կողմ ձայն և ընդունվեց: