Պաշտոնյաների օտարերկրյա գործուղումների մասին տեղեկատվությունները կարգելափակվեն

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երեկ ներկայացվել է «ՀՀ վարչապետի 2018թ. սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը, որով նախատեսվում է արգելափակել պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց՝ օտարերկրյա պետություններ գործուղումների մասին տեղեկությունները:

Նախագծի հակիրճ բնութագրումներում նշված է, թե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է գործունեություն՝ վերհանել e-gov.am առկա «զգայուն և ռիսկային» տեղեկատվությունը, ինչի վերհանումից և հստակեցումից հետո իրականացվել է ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի 1230-Ն որոշման համապատասխան փոփոխություններ՝ վերոնշյալ տեղեկատվությունը արգելափակելու համար:

«Որոշման փոփոխությունը նպատակ ունի կանխել վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի հետ կապված առաջացած նոր ռիսկերը, ինչպես նաև թույլ չտալ այդ տեղեկատվությունը օգտագործել տարբեր տնտեսական և քաղաքական վերլուծություններում ի վնաս ՀՀ պետական շահի: Տեղեկատվությանը հնարավոր կլինի ապահովել հասանելիություն լրացուցիչ հարցման միջոցով՝ տրամադրման անհրաժեշտության և նպատակների վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու դեպքում»,- նշված է որոշման բնութագրումներում:

Փոփոխության ենթարկվելու է  ՀՀ վարչապետի 2018թ. սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման 11-րդ կետը, որն այժմ շարադրված է հետևյալ կերպ.

«Վարչապետի աշխատակազմը եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am կայքէջի «Գործուղումների հաշվետվություններ» բաժնում հրապարակում է վարչապետի աշխատակազմ ներկայացված հաշվետվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվությունը պարունակում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ»:

Առաջարկվող փոփոխությամբ 11-րդ կետը շարադրել հետևյալ կերպ.

Վարչապետի աշխատակազմը եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am կայքէջի «Գործուղումների հաշվետվություններ» բաժնում հրապարակում է վարչապետի աշխատակազմ ներկայացված հաշվետվությունը, բացառությամբ սույն որոշման N 2 հավելվածի՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հաշվետվությունը պարունակում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ»:

Այլ կերպ ասած՝ չի նշվելու գործուղման նպատակը, քննարկման թեմաները, հանդիպումները, ելույթները, բարձրացված կամ քննարկված հարցերը, հանդիպումների կամ հավաքի ժամանակ ընդունված որոշումները, պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը, առաջարկությունները, դրանց ընթացք տալու վերաբերյալ առաջարկները՝ եղանակը, ձևը, ժամկետները, պատասխանատուները, ակնկալվող արդյունքները:

Օրենքի նախագիծը կյանքի է կոչվել ԲՏԱ-ի և ԱԱԾ համագործակցության արդյունքում: Ինչպես նշված է նախագծի հիմնավորումներում՝ այս կառույցներն ուսումնասիրել են e-gov.am առկա զգայուն և ռիսկային տեղեկատվությունը, իսկ կատարված փոփոխություններն էլ ներկայացրել է «Էկենգ» ՓԲԸ-ն՝ հիմք ընդունելով հիշյալ վերլուծությունները:

«Պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքում առաջարկվել է կատարել փոփոխություններ՝ հիմք ընդունելով, որ հաշվետվությունում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Ուստի առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները»,- նշված է հիմնավորման մեջ:

Ստացվում է՝ ՀՀ քաղաքացուն զրկում են իր հարկերի հաշվին աշխատող պետական պաշտոնյայի իրականացրած գործուղման, դրա նպատակների, գործուղման ընթացքում ունեցած հանդիպումների մասին տեղեկություն ստանալու իր իրավունքից, ու այդ մասին կկարողանա իմանալ լրացուցիչ հարցման միջոցով, եթե, իհարկե, կարողանա այդ տեղեկության ստացման անհրաժեշտության ու նպատակների մասին համապատասխան հիմնավորում ներկայացնել:

Տեսանյութեր

Լրահոս