«ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման գործընթացին». Բաքվում ԱՄՆ դեսպան
Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են և ակտիվորեն ներգրավված են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգը, գրում է minval.az-ը:
«Վերակառուցումն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ ականազերծման, ճարտարապետական և դիզայներական ընկերությունների, և հնարավոր է՝ էներգետիկ ընկերությունների կողմից: Որոշ ընկերություններ արդեն համաձայնություն են ստացել գործելու», – ասել է դիվանագետը:
Դեսպանն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման հույս է հայտնել:
«Տարածաշրջանում հակամարտության աղբյուրները արմատախիլ անելու համար շատ կարևոր է, որ մարդիկ հաղորդակցության միջոց գտնեն: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և հաշտեցման գործընթացում», – ասել է դեսպանը: