«Օսմանյան Կայսրությունում առաջինը հենց էլիտային ծնկի բերեցին, հետո կոտորեցին ժողովրդի ավելի լայն հատվածին». Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն վերացրել երկրում առկա ճգնաժամը:

«Ատելությունը վերացված չէ և չէր կարող այսպիսի հանգուցալուծմամբ վերանալ, դրան գումարած՝ այն, ինչ  որ հայտարարվում էր՝ վենդետաներ, կադրային ջարդ և այլն, ցավոք, դրա վերաբերյալ նոր տեղեկություններ ենք լսում: Մարդկանց որոշ շրջանակների հիասթափությունը շատ խորացել է, մարդիկ բացահայտ խոսում են երկրից գնալու մասին, և փաստորեն հասարակական մթնոլորտի տեսանկյունից ճգնաժամը հանգուցալուծված չէ: Գործող իշխանության ծրագրերի մեջ հեղափոխական բնույթի փոփոխություն չենք տեսնում: Թե՛ համերաշխության ապահովման, թե՛ երկրի զարգացման տեսանկյունից, թե՛ արտաքին քաղաքականության տեսանկյունից դրական միտումներ չենք տեսնում: Մինչև հիմա շարունակում ենք ԱԳ նախարար և փոխնախարարներ չունենալ, վերանշանակումներ, կոսմետիկ բնույթի կադրային փոփոխություններ են կատարվում, բայց նախընտրական շրջանում էլ գործող քաղաքական ուժը չէր խոսում, թե ինչ է լինելու, նրանց ամբողջ խոսույթը հիմնականում ատելության խոսքն էր, նախկինների թիրախավորման դիսկուրսն էր»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ինչպես նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում, այնպես էլ ընտրություններից հետո գործող իշխանությունների թիրախում էլիտան էր. Նիկոլ Փաշինյանը խոսում էր հոգևորից մինչև քաղաքական էլիտա ժողովրդի առաջ ծնկի բերելու մասին, իսկ ընտրություններից հետո Փաշինյանի թիմակից Էդուարդ Աղաջանյանը գրել էր, որ «ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»:

Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ էլիտայի և ժողովրդի արհեստական հակադրությամբ ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել այս իշխանությունը, ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում նման գործելաոճը:

«Հանրության այն հատվածը, ովքեր կազմում են հատկապես կրթամշակութային էլիտան, ինչպես ցույց տվեցին նոյեմբերյան զարգացումները, տեսանք, որ այդ հատվածի մոտ գործող իշխանությունները վստահություն չեն վայելում: Տարբեր բուհերի, ստեղծագործական միությունների կողմից հրաժարականի պահանջները այս ամենը ցույց տվեցին, և դա հենց այդպես էլ բնորոշվեց, որ էլիտար բունտ է տեղի ունենում: Հասկանալի է, որ խոսքը ոչ այնքան բիզնես էլիտայի՝ բուրժուազիայի մասին է, որքան կրթամշակութային, հոգևոր էլիտայի մասին: Ի՞նչ է իրականում էլիտան: Էլիտա ասելով՝ չպետք է մարդու ծագումնաբանությունը հասկանանք, որովհետև մարդը շատ հասարակ բանվորի կամ գյուղացու ընտանիքից կարող է սերվել, ստանալ կրթություն, ունենալ ակտիվ հասարակական դիրքորոշում, խոսքն ընդունելի լինի հասարակության որոշ սեգմենտների մեջ, այսինքն՝ դառնա էլիտայի մի մասը, որը նախանշում է ազգի զարգացման ուղղությունը: Եթե ազգի շահերը պատկերացնենք՝ որպես գնացքի վագոններ, ապա էլիտայի ֆունկցիան սլաքներն են, թե ուր պետք է շարժվի գնացքը: Այսինքն՝ էլիտան ազգի նպատակը ձևակերպողն է հանդիսանում:

Այսպիսի բախում առաջացնելը շատ վտանգավոր է: Պատահական չէ, որ Օսմանյան Կայսրությունում հենց առաջինը էլիտայի և կռվող տղամարդկանց հարցը լուծեցին, էլիտային ծնկի բերեցին, էլիտային ոչնչացրեցին և դրանից հետո շատ հեշտությամբ կարողացան ժողովրդի լայն հատվածի հարցերը լուծել»,- ի պատասխան՝ ասաց նա:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ պատմությունը կրկնվո՞ւմ է, նա պատասխանեց. «Կոպիտ որ նայում ենք այդ ամենին՝ այո, սա շատ վտանգավոր է: Այդպիսի արտահայտություններ պարզապես չի՛ կարելի անել: Դրանով գուցե էլիտայի մի մասին վախեցնես, ստիպես ավելի քիչ խոսել, բայց ֆունդամենտալ հարցերը չեն լուծվում»:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ ասել էր, որ նրանք մեզ կներեն, եթե մի երկու ամիս ավել մնան Ադրբեջանում, մինչդեռ մեր գերիներին Ադրբեջանում դատում են ահաբեկչության հոդվածով, և 10 տարուց ավելի է սահմանված պատիժը: Հարցին՝ այս հարցի լուծումն ինքն ինչպե՞ս է պատկերացնում, և ի՞նչ քայլեր պետք է արվեն գործող իշխանությունների կողմից, Մենուա Սողոմոնյանը պատասխանեց.

«Քայլերը ժամանակին պետք է արվեին, երբ ստորագրվել էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Այդ ամենը փոխկապակցված պետք է լիներ՝ Արցախի տարածքներից զորքերի հետքաշում լինում է, բայց գերիների վերադարձ չի լինում: Եթե անգամ ստորագրվել էր, որ պետք է հայկական զորքերը դուրս բերվեին, դա պետք է զուգահեռվեր: Եթե զորքերը դուրս բերելուց հետո էին գերեվարումներ լինում, որոշակի հակաքայլեր դրան ևս կար: ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները հայտնվում են, հարվածում են մեր զինվորներին՝ իմանալով, որ զինվորներին տրված չէ հրաման՝ կրակելու կամ գերեվարելու: Ադրբեջանցի զինվորը գիտի, որ իր վրա չեն կրակելու, դրա համար գալիս է՝ զինված հայ զինվորին խփում է: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ ոչ միայն ոչինչ չի արվում, այլ կարծես հատուկ քաղաքականություն տարվի՝ ինչքան հնարավոր է՝ ճնշեք մեզ, որ մենք ձեր բոլոր պահանջները կատարենք: Այստեղ ամենակարևոր պահանջը, որ շարունակում է չկատարված մնալ հայկական կողմից, միջանցքի կամ ճանապարհի հարցն է: Հետևաբար, գերիներին վերադարձնելու ուղղությամբ քայլեր չեն արվել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս