Պարզ է, որ ցանկացած մարդ, ով ի վիճակի է տրամաբանել, չի ստորագրի որևէ սահմանազատման ու սահմանագծման պայմանագիր. ադրբեջանագետ

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է երկկողմ բանակցություններ սկսել երկու երկրների սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ, ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հունիսի 30-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍSՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Նա հայտարարել է, որ բացի լավ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելուց, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու այլընտրանք չկա: «Այժմ բացառիկ հնարավորություն կա կառուցելու այդպիսի հարաբերություններ՝ հետևողականորեն իրագործելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության կետերը»,- հավելել է Բայրամովը:

«Բայրամովի հայտարարությունը հետևեց Ալիևի ուլտիմատումին, երբ Ալիևն ասաց, որ պարտադրում և պահանջում է, որ Հայաստամը համաձայնության գա Ադրբեջանի հետ, կնքվի խաղաղության պայմանագիր այն նախապայմանով, որ Հայաստանը պարտավոր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եվ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը նրանք դիտարկում են այդ հարթության մեջ: Ու այս պարագայում ունենալով թիկունքում դեռևս չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ցանկացած խոսակցություն, լինի Ալիևի թե Բայրամովի մակարդակով, ընդամենը շղարշ է»,- 168.amի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նա շեշտեց՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան մի քանի անգամ արդեն զորավարժություն են անցկացրել, և այստեղից պարզ է դառնում, որ պատրաստվում են նոր պատերազմի:

«Պարզ է, որ ցանկացած մարդ, ով ի վիճակի է տրամաբանել, չի ստորագրի որևէ սահմանազատման ու սահմանագծման պայմանագիր, որով կճանաչի, որ նաև Նախիջևանն է պատկանում Ադրբեջանին: Սա օրինական չէ, և անկախ Հայաստանը դա երբեք չի ճանաչել: Կամ, ասենք, օրինականացնի, որ Արցախը գտնվում է սահմանի այն կողմո՞ւմ: Եթե առողջ տրամաբանությունը հաղթի, իհարկե, այսպիսի պայմանագրի կնքումն ուղղակիորեն անհնար է»,- նշեց Գրիգորի Այվազյանը:

Խոսելով ռազմագերիների մասին՝ ադրբեջանագետը նկատեց. «Ցավոք, Ադրբեջանի կողմից ռազմագերիների հարցը մեր հասարակության և պետության վրա փաթաթած կեղծ օրակարգ է: Ինչո՞ւ եմ ասում՝ կեղծ. որովհետև ինչքան էլ դու հետ բերես, նրանք եթե տեսնում են, որ քեզ համար դա այդքան զգայուն թեմա է, ուրեմն հետ կվերադարձնես 15-ին, 1015-ին գերի կվերցնեն ու կպահանջեն Արցախ, ականապատման քարտեզ և այլն: Սա Ադրբեջանի համակարգկային քաղաքականության արդյունք է, որ ամեն ինչ փորձում են սարքել առևտրի առարկա: Ռազմագերիների հարցի լուծման համար Հայաստանը պետք է գրագետ գործի միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքում, ճնշում գործադրենք Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմի վրա: Այժմ մոտ 600 գերի ունենք Ադրբեջանում, 1990-ական թվականներին նույնպես ունեինք գերիներ և անհետ կորած մարդիկ, ու եթե ազգային նպատակ դարձնենք գերիների հարցն ու անընդհատ խոսենք այդ մասին, մենք միայն կխրախուսենք»:

Գրիգորի Այվազյանն ընդգծեց՝ արցախյան հարցը փակված չէ:

«Տեսեք, վերջին՝ Պուտին-Բայդեն, Բայդեն-Էրդողան բանակցությունների առանցքում Արցախի հարցն էր: Հիշենք նաև, որ Արցախում փաստացի ռուսական ռազմաբազա է գործում, և Ռուսաստանն ամեն ինչ անում է որպեսզի հայերը վերադառնան այնտեղ, ու տարածաշրջանում ռուսական ներկայությունը հարատև լինի: Եվ ուժերի դասավորվածության մեջ մենք պետք է ճիշտ դիրքավորվենք և հասկանանք, որ Ադրբեջանն ու նրա ռեժիմը հավերժ չեն: Այնտեղ ամեն ինչը մեկ անձի՝ դիկտատոր Ալիևի անձի հետ է կապված, բայց գիտենք, չէ՞, որ մարդը մահկանացու է, և եթե Ադրբեջանում ուժերի նոր դասավորվածություն լինի, իշխանությունն այլ անձի փոխանցեն, Ադրբեջանը կխորասուզվի ներքաղաքական անկայունության փուլ, և մենք եթե սխալներ չանենք, կարող ենք որոշակի դիրքեր վերականգնել: Պետք է պատրաստ լինենք նոր պատերազմի՝ թշամուն բոլոր ճակատներում՝ քարոզչական, դիվանագիտական, ռազմական, հակահարված տալու: Եթե սա գիտակցենք՝ մեր պետությունն ունի շանսեր»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս