«Ստացի՛ր քոնը և գնա՛»
Կյանքում մեզ շատ բան է տրված՝ ընտանիք, աշխատանք, ընկերներ ու ապրելու իրավունք: Սակայն միշտ չէ, որ ի զորու ենք դառնում գնահատել Աստծուց մեզ շնորհվածը, տեր և արժանի լինել դրան: Շարունակ մեր դժգոհություններով ավելի ենք բարդացնում իրավիճակը՝ հաճախ ստորադասելով մեր մերձավորներին և տեսնելով մեզ ամենաարդարի ու ճշտախոսի դերում: Կարծում ենք, թե կյանքն անարդար է, և մենք՝ արդարության մասին միակ ճշմարիտ պատկերացումներ ունեցողը: Աստված, սակայն,մեզանից ավելի լավ գիտի, թե ինչն է արդար, ինչը՝ ոչ:
Այդպես եղավ նաև Աստվածաշնչյան մի առակում: Տանուտերն իր այգում աշխատող բոլոր մշակներին հավասարապես մեկական դահեկան վճարեց՝ անկախ նրանց աշխատած ժամանակից: Մշակները, որ ավելի երկար ժամանակ է, ինչ աշխատում էին, ասացին. «Դրանք՝ այդ վերջինները, մեկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հավասար արեցիր մեզ, որ տարանք օրվա ծանրությունը և տոթը» (Մատթեոս 20:12): Իսկ նա պատասխանեց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մեկ դահեկանի սակարկեցիր. ստացի՛ր քոնը և գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան և քեզ: Միթե իրավունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարվելու, ինչպես կամենում եմ: Կամ թե՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ» (Մատթեոս 20:13-15):
Քրիստոս, եզրափակելով այս առակը, ասում է. «Այսպես, վերջինները առաջին պիտի լինեն, և առաջինները՝ վերջին. որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մատթեոս 20:16):
Մեր կյանքում մշտապես մտապահենք այս ասվածը և մտածենք՝ որքանո՞վ ենք գոհ մեր ունեցածից, որքանո՞վ է, որ համեմատվում ենք կամ ցանկանում ենք համեմատվել: Արդյո՞ք մենք էլ, ինչպես մշակները, համարում ենք, որ մենք պետք է որոշենք, թե ով որքանով պետք է վարձատրվի՝ փոխանակ մեր վարձքին տեր լինելու և շնորհակալություն հայտնելու: Անշուշտ, միշտ չէ, որ ամենաարդարն ու ամենախելացին ենք, ինչպես մեզ է հաճախ թվում, սակայն մշտապես կարող ենք լինել ամենաշնորհակալն ու ամենաերախտագետը:
Ուստի՝ ամեն անգամ, երբ կդժգոհենք, թե Աստված անարդար է վարվում մեր հանդեպ, հիշենք, որ Նա ամենագետ է և ամենատես, և այս խոսքերն ասելով՝ մենք միայն կորցնում ենք մեր կարևորագույն շնորհներից մեկը, որ կոչվում է երախտագիտություն: