Ի՞նչ է տեղի ունեցել Լոռու մարզպետարանում. Օձունի համայնքապետը մանրամասներ է պատմում, մարզպետը հերքում է
168.am–ի հետ զրույցում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տեղեկացրեց, որ իրեն ծեծի են ենթարկել 10 հոգով, նրանց թվում է եղել նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Արսեն Տիտանյանը հավելեց, որ միջադեպին ներկաների մի մասին ճանաչում է:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, «Հայաստան» դաշինքն ահազանգ էր ստացել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում այն համայնքների ղեկավարներին, որոնք «Հայաստան» դաշինքի թիմակիցներն են, սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։
Հարցին՝ արդյո՞ք միջադեպն իրեն չի վախեցրել, և շարունակելո՞ւ է պաշտոնավարել՝ Օձուն համայնքի ղեկավարն արձագանքեց. «Չէ, բայց ի՞նչը պետք է վախեցնի»:
Ի պատասխան հարցին էլ՝ արդյո՞ք մյուս կողմը չի փորձել իր հետ երկխոսել՝ նա նշեց. «Երեկ հեռախոս չեմ կարողացել միացնել. շատ զբաղված եմ եղել, ու չեմ էլ ուզում կապի գալ իրենց հետ, որովհետև իմաստ չկա»:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքեց կատարվածը՝ պնդելով. «Նման բան տեղի չի ունեցել. ես այդ լուրերից տեղյակ եմ, բայց վստահեցնում եմ Ձեզ՝ նման բան տեղի չի ունեցել»:
Նա, սակայն, չհերքեց, որ այդ օրը հանդիպել է Օձունի համայնքապետին, զրուցել նրա հետ. «Ես շփվել եմ իր հետ, մեր մյուս համայնքապետերի հետ, մարզպետարանի աշխատակիցների հետ, այդ թվում՝ նաև պարոն Տիտանյանի հետ մենք տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ենք ունեցել, և պարոն Տիտանյանը գնացել է»:
Հարցին՝ Ձեր կողմից եղե՞լ է արդյոք պնդում, որ ինքը պետք է հեռանա համայնքապետի պաշտոնից, Լոռու մարզպետը պատասխանեց. «Ո՛չ, ես ոչ մի համայնքապետի, այդ թվում՝ նաև պարոն Տիտանյանին, նման պահանջ չեմ դրել»:
Արամ Խաչատրյանը հորդորեց հետևել իրավական գործընթացին:
Նկատենք՝ Օձուն համայնքի ղեկավարի միջադեպի հետ կապված ՄԻՊ-ը հայտնել էր, որ գրություն կուղարկի ՀՀ գլխավոր դատախազություն:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրել էր․ «Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։ Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար»։
Ի դեպ, թեմային անդրադարձել էր նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն խրախուսել և չեն խրախուսելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները։
«Միջադեպի մասին լսել եմ, սակայն մանրամասներին չեմ տիրապետում: Կարող եմ միայն հաստատել բռնության անթույլատրելիության մասին դեռևս 2018 թվականին հայտարարված մեր սկզբունքը։ Եվ այդ սկզբունքը չի փոխվել»,- նշել էր Տ. Ավինյանը։