Տիգրան Ավինյանը՝ Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու մասին լուրերին

Հայաստանի իշխանությունները երբեք չեն խրախուսել և չեն խրախուսելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը՝ անդրադառնալով Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու մասին լուրերին։

«Միջադեպի մասին լսել եմ, սակայն մանրամասներին չեմ տիրապետում: Կարող եմ միայն հաստատել բռնության անթույլատրելիության մասին դեռևս 2018 թվականին հայտարարված մեր սկզբունքը։ Եվ այդ սկզբունքը չի փոխվել»,- նշեց Ավինյանը։

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր մոտ է կանչել Օձուն համայնքի ղեկավարին և ապօրինաբար պահանջել հրաժարականի դիմում գրել: Գևորգյանի խոսքով՝ Օձունի ղեկավարը հրաժարվել է կատարել այդ պահանջը, ինչից հետո մարզպետարանի շենքում 7-8 հոգով նրան ծեծի են ենթարկել:

Խոսելով քաղաքական տարաձայնությունների պատճառով պաշտոններից հեռացնելու մասին՝ Տիգրան Ավինյանը նշեց.

«Կան պաշտոններ, որոնք պետք է զբաղեցնեն իշխող քաղաքական ուժի նման հայացքներ ունեցող մարդիկ՝ ընդհանուր քաղաքական տրամաբանությունը պահելու համար։ Եթե խոսքը քաղծառայողների մասին է, ապա նրանք անձեռնմխելի են՝ չնայած քաղաքական հայացքներին, քանի որ ընտրությունը կատարվում է պրոֆեսիոնալիզմի հիման վրա: Իսկ եթե խոսքը քաղաքական պաշտոնների մասին է, ապա այստեղ քաղաքական հայացքներն առանցքային նշանակություն ունեն։ Ես նորից եմ ասում՝ մենք հանդուրժող ենք քաղաքական այլ հայացքներ ունեցողների նկատմամբ, մենք հանդուրժող չենք հանցագործությունների նկատմամբ։ Որոշ մարդիկ սխալմամբ փորձում են ներկայացնել հակառակը, երբ մենք իրականում հանցագործության դեմ ենք անհանդուրժող»,- հավելեց Տիգրան Ավինյանը։

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս