Դատախազությունը պատգամավորի 4 թեկնածուների մասով քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ է ներկայացրել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունները նշանակվելու օրվանից մինչև քվեարկության օրն ընդհանուր առմամբ ստացվել են 173 դիմումներ, բողոքներ և միջնորդություններ, որոնցից 90-ը ԿԸՀ ներկայացվել են էլեկտրոնային հարցման հարթակի միջոցով։ Այս մասին մամուլի ասուլիսում աել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչության պետ Լիլիա Հակոբյանը։
«Նշված դիմումներից 2-ը վերաբերել են պարզաբանման պահանջին, որով խնդրել են պարզաբանել Քրեական օրենսգրքի 95 հոդվածի 4-րդ մասը և երկրորդ դիմումը վերաբերել է Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությանը։ 4 պատգամավորների թեկնածուների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել են միջնորդություններ, քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու պահանջով։ 14 դիմում ինքնաբացարկի մասին էին։ Ներկայացվել է նաև մեկ դիմում ինքնաբացարկի սահմանված վերջնաժամկետից հետո, որը, ըստ Ընտրական օրենսգրքի, վերադարձվել է դիմումատուին»,- ասել է Հակոբյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչության պետը հայտնեց նաև, որ 13 դիմում ներկայացվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ դաշինքների կողմից։
«Այդ դիմումներից մեկը վերաբերել է ինքնաբացարկին, դիմումը բավարարվել է և տվյալ քաղաքական ուժն այլևս չի շարունակել մասնակցել ընտրական գործընթացներին։ Մեկ դիմումով քաղաքական ուժը տեղեկատվության հարցում է կատարել և մնացած 11 դիմում վերաբերել են քարոզչության սահմանված կարգին տարբեր պահանջներով։ Մի դեպքում պահանջվել է նախաձեռնել ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված միջոցները, մյուս դեպքերում պահանջ է ներկայացվել դիմել դատարան որևէ քաղաքական ուժի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու նպատակով։ Մեկ դիմում է ներկայացվել հավատարմագրման վերաբերյալ, որը մերժվել է:
Դիմումներ շատ են եղել հավատարմագրման վերաբերյալ, սակայն միայն մեկ դիմում մերժվել է։ Պատճառն այն է, որ հասարակական կազմակերպությունը, որը պատրաստվում էր դիտորդական առաքելություն իրականացնել, չէր բավարարում այն պահանջներին, որոնք ներկայացվում են տվյալ դեպքում տեղական հասարակական կազմակերպություններին»,- եզրափակել է Հակոբյանը։