Մեծ կասկած է առաջանում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդությամբ. Ռոբերտ Քոչարյան
«Առաջին հերթին, իհարկե, հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. սա է իմ ընտրությունը»,- անդրադառնալով իր ընտրությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա չշտապեց բացել փակագծերը ու ասել, թե Կարեն Կարապետյանն իրենց կառավարությունում ինչ պաշտոն կզբաղեցնի. «Երևի ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է, թե հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի, դեռ մենք չենք որոշել»:
Անդրադառնալով երեկ գիշերվանից «Հայաստան» դաշինքի դեմ իրականացվող հակաքարոզչության դրվագներին (փողոցներում Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկներ էին լցված)` «Հայաստան» դաշինքի առաջնորդը վստահեցրեց.
«Օրենքի կոպիտ խախտում է: Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն նաև կան կադրեր ցանցում, և այն փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերված, թե դա ով է արել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդությամբ: Եվ եթե մոտակա մեկ-երկու ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհամարենք և կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»:
Իր թիմակից Արմեն Չարչյանի ձերբակալման վերաբերյալ էլ Ռ. Քոչարյանը նշեց, որ ձերբակալությունն աբսուրդի ժանրից էր, ու չի կարծում, թե հիմքեր կային:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Լռության օրը Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված հայտնի տեսաուղերձին՝ նա նկատեց. «Բարեբախտաբար, ԿԸՀ-ն արձագանքեց այդ խախտմանը, և կարծում եմ՝ սա ուղղակի ցույց է տալիս այս իշխանության դեմքը, որ որևէ հարգանք չունեն օրենքի նկատմամբ, չեն ունեցել այս երեք տարվա ընթացքում և շարունակում են չունենալ նույնիսկ ընտրության օրը»:
Հետընտրական զարգացումների մասին նախագահը չցանկացավ կանխատեսումներ անել՝ նկատելով՝ ընտրություններից հետո կերևա:
Մանրամասները՝ տեսանյութում