«Ինչպես է հանձնվել Հադրութը, ինչպես են ադրբեջանական զորքերը, գործնականում ոչ մի դիմադրության չհանդիպելով, Հադրութից պիկապներով հայտնվել են Շուշիում․ այս հարցերի պատասխանները պետք է տրվեն»․ Քոչարյան

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ հայկական կողմը բացարձակ հնարավորություն է ունեցել չպարտվել Ղարաբաղյան պատերազմում:

«Առաջին հերթին այն (պատերազմը,-խմբ.) չպարտվելու բացարձակ հնարավորություն կար, այն հնարավոր էր կանգնեցնել: Մենք այդպիսի հնարավորություններ ունեինք: Սա պարզապես պատերազմի անտաղանդ կառավարում է: Իսկ ինչ վերաբերում է պատերազմը դադարեցնելուն, ապա այստեղ եղել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը: Եթե չեմ սխալվում՝ հոկտեմբերի 19-ին», – ասել է Քոչարյանը «ՌԻԱ Նովոստի»-ին, Sputnik Արմենիային և RT-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հայկական կողմը, միանգամայն անհասկանալի պատճառներով, մերժել է այս առաջարկը ՝ պատճառաբանելով, որ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սխալ կհասկացվի ու դավաճան կանվանվի:

«Մենք ավելին ենք կորցրել, քան եթե այդ ժամանակ պայմանավորվեինք, նրան դեռ դավաճան անվանում են և շատ ավելի մեծ ոգևորությամբ», – ասել է Քոչարյանը:

Ռազմական գործողություններում ձախողման պատճառը նա անվանել է «բուն Հայաստանում անտաղանդ կառավարումը, զորքերի անտաղանդ կառավարումը»:

«Բացարձակ թյուրըմբռնում այն մասին, թե ինչ է պատերազմը, ինչ է զորահավաքը, ինչ է նշանակում մոբիլիզացիոն ռեսուրսի հավաքագրում, ինչ է նշանակում բանակի համալրում: Ցանկացած բանակ լայնամասշտաբ պատերազմի դեպքում միայն իր մարդկային ռեսուրսներով և ներուժով կարող է դիմակայել մեկուկես շաբաթ: Այնուհետև պետությունն իր ամբողջ ուժով գործի է անցնում, իրականացվում է մարդկանց մոբիլիզացում, պահուստների պատրաստում, համալրում», – շեշտել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ կայացվել են միանգամայն անհասկանալի որոշումներ, «և այնքան անհասկանալի, որ մեծ կասկած է հարուցվել, թե արդյոք այստեղ կան այլ պայմանավորվածություններ, կա արդյոք դավաճանություն, մի բան, որն արդեն պատկանում է դավադրության տեսություններին»:

«Եվ այդպիսի կասկածները դեռ շարունակում են մնալ: Դրանք պարզապես պետք է ցրվեն ընտրություններից հետո մանրակրկիտ հետաքննությամբ: Բոլորովին անհասկանալի է, թե ինչպես է հանձնվել Շուշին, նույն Շուշիի պաշտպանության հետ կապված որոշ որոշումներ անհասկանալի են, պարզ չէ, թե ինչպես է հանձնվել Հադրութը, ինչպես ադրբեջանական զորքերը, գործնականում ոչ մի դիմադրության չհանդիպելով, Հադրութից պիկապներով հայտնվել են Շուշիում: Բոլորովին անհասկանալի պատմություն, այս հարցերի պատասխանները պետք է տրվեն», – կարծում է պետության նախկին ղեկավարը

Տեսանյութեր

Լրահոս