«Համաշխարհային պատմություն» առարկայից 20 միավոր ոչ ոք չի ստացել, «Կենսաբանություն»-ից ստացել են 10-ը, «Աշխարհագրություն»-ից՝ 4-ը. նախնական արդյունքներ
Հայաստանում հունիսի 8-ից մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Դիմորդներն առաջինն իրենց գիտելիքները ստուգել են աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից։
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ կենսաբանություն առարկայի միասնական քննության հայտագրվածների թիվը 1361 է եղել, քննության մասնակիցների թիվը` 1297:
«Կենսաբանության» միջին միավորը 12,75 է: 7.5-ից ցածր միավոր հավաքածների թիվը 274 է, այսինքն՝ մասնակիցների 21,2 %-ը:
18-20 միավոր հավաքածների թիվը 305 է, որը կազմում է մասնակիցների 23,6%-ը: 18-18.75 միավոր ստացել է 146 դիմորդ, 19-19.75 ստացել է 149 դիմորդ: 20 միավոր է ստացել 10 դիմորդ:
«Համաշխարհային պատմություն» առարկայի համար հայտագրվածների թիվը 31 է եղել, քննության մասնակիցների թիվը` 29: Համաշխարհային պատմության միջին միավորը 13,6 է:
7.5-ից ցածր միավոր հավաքածների թիվը 7 է: 18-18,75 միավոր ստացել է 4 դիմորդ, 19-19.75 միավոր ստացել է 3 դիմորդ:
Այս քննությունից 20 միավոր ոչ ոք չի ստացել:
«Աշխարհագրություն» առարկայի համար հայտագրվածների թիվը 187 է, քննության մասնակիցների թիվը չի փոխվել: Միջին միավորը 13,99 է, դրական միավորի շեմը չի հաղթահարել 19 հոգի:
18-20 միավոր հավաքածների թիվը 43 է :
«Աշխարհագրություն» առարկայից 4 հոգի 20 միավոր է ստացել:
«Սրանք քննության նախնական արդյունքներ են, որովհետև հնարավոր է, որ բողոքարկման արդյունքում փոխվեն: Գնահատականները հրապարակվելու են քննության 5-րդ օրը, այսինքն՝ կիրակի: Հաջորդ օրը բողոքարկման ժամկետն է՝ մինչև 18:00-ն: Ապա կլինեն վերջնական արդյունքները: Ինչ վերաբերում է օտար լեզվի քննությանը, ապա դրանց նախնական արդյունքները մի փոքր ուշ կլինեն: Երեք անգամ ավելի շատ դիմորդ է մասնակցել, քան նախորդ երեք առարկաներին»,- մեզ հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ ՀՀ 33 քննական կենտրոններում հունիսի 11-ին անցկացվել է միասնական քննություն՝ «Օտար լեզու» առարկայից: