«Մատաղիսի գործի հանցագործներից մեկը Ջհանգիրյանն է, բերեք նրան դատարան»
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Մատաղիսի գործի լսումը, որի ժամանակ ելույթ է ունեցել նախ սպանված զինվորներից մեկի հայրը՝ հայտարարելով, թե 2 տղաների սպանությունը Մատաղիսում տեղի է ունեցել տարբեր ժամանակամիջոցներում եւ ոչ այն անձանց կողմից, ովքեր այսօր հայտնվել են մեղադրյալի աթոռին: Այնուհետ, ըստ galatv.am-ի՝ պաշտպանական ճառով հանդես է եկել մեղադրյալի աթոռին հայտնված երեք երիտասարդ տղաների՝ Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի ևւ Արայիկ Զալյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Իսկ մինչ դատական նիստի մեկնարկը տեղի է ունեցել բողոքի ակցիա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց: Ակցիային մասնակցել են սպանությունների մեջ մեղադրվող զինվորների հարազատները, քաղաքացիական ակտիվիստներ Գյումրիից, Երևանից և Վանաձորից: «Ա-զա-տութ-յուն, ար-դա-րութ- յուն… Որ ատյանն ուզում է լինի՝ վերաքննիչ, վճռաբեկ, Եվրադատարան, մինչև վերջ պիտի գնանք, մինչև արդարություն լինի և մեր անմեղ երեխաները դուրս գան: Քանի որ հանցագործները դրսում ազատ ման են գալիս, մեր անմեղ երեխաները արդեն 9 տարի անընդմեջ տառապում են»,- գոռում էին ակցիայի մասնակիցները:
«Մի քանի օր առաջ մենք ՀՀ նախագահի նստավայրի մոտ ակցիա արեցինք, պատասխանեցին, որ 5 օրվա ընթացքում պատասխան կտան, տեսնենք, եթե ճիշտ լինի… դատարանից մենք պահանջում ենք արդարադատություն»,- ասել է մեղադրյալի աթոռին հայտնված Մուսա Սերոբյանի մայրը` Մարինե Սերոբյանը:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին դատարան հրավիրել նաև ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին:
«Իրան շուտ պտի հրավիրեին, ինքը ոչ թե մասնակցություն է ունեցել, այլ ակտի´վ մասնակցություն է ունեցել էս գործին, էս գործը Գագիկ Ջհանգիրյանի թեթև ձեռքով է խրբվել»,- դժգոհել է Ջուլիետա Սարգսյանը՝ մեղադրյալ Ռազմիկ Սարգսյանի մայրը:
«Ջհանգիրյանն էս գործում գլուխգործոց է, ինքն է իրական հանցագործներին թաքցնողն եղել և ինքն է էս գործը սարքել: Ես պահանաջում եմ՝ Գագիկ Ջհանգիրյանին կանչել դատարան»,- ասել է Ջուլիետա Սարգսյանը: Որից հետո ակցիայի մասնակիցները գոռում էին՝ «Պա-հան-ջում ենք, պա-հան-ջում ենք… Մատաղիսի գործի հանցագործներից մեկը Գ. Ջհանգիրյանն է, բերեք նրան դատարան»: