Դատարանը մերժեց «Հարսնաքարի» գործով մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը
Դատարանը քննարկեց «Հարսնաքարի» գործով մեղադրյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի միջնորդությունը: Հիշեցնենք, որ վերջինս միջնորդել էր կարճաժամկետ մեկնում տրամադրել իր պաշտպանյալին մորն ու կնոջը հիվանդանոցում տեսակցելու համար:
Գործով մեղադրյալ Դավիթ Ադամյանի պաշտպանը նշեց, որ մեղարյալ Դավիթ Ադամյանը նաև 2 տարեկան երեխա ունի: Նա, ըստ պաշտպանի, ևս եղել է ավտովթարի ենթարկված ավտոմեքենայում, բայց երեխային առողջական վնաս չի հասցվել:
Մեղադրյալ Դավիթ Ադամյանը նշեց, որ այժմ երեխային խնամում է իր կնոջ հորաքույրը, ով, սակայն, շուտով հեռանալու է Հայաստանից, և ինքը այլ հարազատ չունի. պետք է ընկերոջը խնդրի ստանձնել երեխայի խնամակալությունը: Գործով տուժողները դեմ չարտահայտվեցին միջնորդությանը. «Աստված իրենց առողջություն տա»,- ասաց տուժող Արկադի Աղաջանյանը:
Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ թեև ամբաստանյալը չի մեղադրվում առանձնապես ծանր հանցանքի մեջ, սակայն պաշտպանության կողմից չներկայացվեցին պատշաճ փասթաթղեր, որոնք կվկայեին հարազատների կյանքին վտանգ սպառնալու մասին:
Հետևաբար, միջնորդությունը ենթակա է մերժման: Ըստ դատավորի՝ եթե դատարան ներկայացվեն տվայալներ այն մասին՝ ովքեր կստանձնեն երեխայի խնամակալությունը, ապա դատարանը կկապվի նրանց հետ: Այդ անձանց բացակայության դեպքում դատարանը կդիմի անչափահասի բնակության վայրի համապատասխան մարմիններին: