Գերեզման դրախտավայր
Նույնիսկ փորձառու ու արհեստավարժ հոգեբույժների համար միշտ չէ, որ հեշտ է տարբերակել՝ պացիենտն իրականում հոգեկան խնդիր ունի՞, թե՞ ձևացնում է, որ ունի։
Եթե առաջին պարագան զուտ առողջական արմատներ ունի, ապա սիմուլյացիայի դեպքում առաջանային դեր են խաղում պացիենտի դերասանական հատկանիշները։ Իսկ դա արդեն ոչ թե հոգեբույժների, այլ էսթետների ու դրամատուրգների գնահատման առարկա է։
Պացիենտի իրական կամ սիմուլյատիվ խանգարումը կլինիկաներում մաքուր առողջապահական խնդիր է։ Բայց երբ այդ հարցադրման առաջ է կանգնում մի ամբողջ հասարակություն, որի անդամների առնվազն մի մասի համար այդ հարցադրումը տեղին է նույնքան, խնդիրը դառնում է համապետական, հետևանքները՝ աղետալի։
Իրական կամ ձևացվող հոգեխանգարմունքի ախտանիշներից մեկն իրականության հետ հարաբերությունն է, իրականության գնահատման դժվարությունն ու իրականությունից կտրվածության աստիճանը։
Դա, ի դեպ, ավելի կամ պակաս չափով բնորոշ է գրեթե բոլոր իշխանություններին, երկրների ղեկավարներին, ովքեր ապրում են իմիտացիոն իրականության մեջ՝ իրենց ներկայացվող միայն դրական տեղեկությունների հանգույն։
Բայց անգամ ամենաանիրական կյանքով ապրող ղեկավարների դեպքում իրականությունից կտրվածությունն ունի սահման․ և դա այն կետն է, երբ նրա ընկալումը կոնֆլիկտի մեջ է մտնում մեղսունակության հետ։ Ահա այդ կոնֆլիկտի դեպքում կառավարչական այդ խնդիրը վերածվում է մաքուր առողջապահականի։
Հայաստանը հիմա ապրում է ժամանակներում, երբ ամեն օր երկիրը գտնվում է մեղսունակության հետ բախման մեջ։
Հայաստանում բանականությունն ու բարոյականությունն անարգող հայտարարությունների քանակն ուղիղ ճանապարհ է՝ դեպի համապետական հոգեբուժարան։
Ամեն օրվա հետ մարում են առանց այդ էլ աղոտ հույսերը, որ հասարակության դիմադրողականությունը կարող է բավարարել այս ամենից հետո բանականությունն ու բարոյականությունը վերջնականապես չկորցնելու համար։ Հանրային ականջն ու միտքը վարժվել է պետական մակարդակով ամենօրյա ռեժիմով մատուցվող անհեթեթությանն ու հակաբանականությանը։
Հանրային միտքն ու բարոյականությունը սկսում է համակերպվել հակամարդ դառնալու անխուսափելի հեռանկարին։
Հակամարդկանց հասարակությունը դրա շահառուներին անհրաժեշտ է, որպեսզի հանրությունն անհատապես և հավաքականորեն իրականությունից կտրվի այնքան ու այնպես, որքան ու ինչպես կտրված է այս ծրագրի իրական կամ սիմուլյատիվ հիմնական պերսոնաժը։
Նրան կամ նրա մոդերատորներին թվացել է, որ հայ հասարակությունն այլևս հասել է կարմայի այնպիսի աստիճանի, որ հնարավոր է նրան ընդամենը մի քանի ամսվա ընթացքում առվազն հինգ հազար գերեզմաններով ավելացած իրականությունը ներկայացնել՝ որպես դրախտավայր։ Հենց այս օրերին հայ հասարակությանը՝ աչքերի մեջ նայելով, հայտարարվում է, որ ինքն ապրում է գերեզմանային դրախտավայրում։ Ընդ որում, հայտարարվում է հանդիմանանքով, որ ինքն իրեն չի զգում այնպես, ինչպես զգում են դրախտում։
Հայաստանին պատած աղետի ծավալն ու խորությունն անչափելի է։
Հազարավորների մահվանից ու Արցախի կորստից, պետության քայքայումից ու արժեքների խեղումից բացի, ոչնչացվում են նաև մարդկանց հավատալիքներն ու պատկերացումները։
Առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրում հայտարարվում է գերեզմանային դրախտավայրի մասին, և հայտարարողին ոչ միայն չեն հակադարձում, այլև ծափահարում են։
Իրակա՞ն, թե՞ սիմուլյատիվ ծափերով՝ խիստ անկարևոր է։