Ռիքերը ՀՀ ԱԳՆ-ում վերահաստատել է ՀՀ-ի հետ սահմանից Ադրբեջանի ԶՈՒ հետ քաշելու մասին ԱՄՆ դիրքորոշումը

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում է ունեցավ ՀՀ ԱԳ նախարարությունում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Հատուկ անդրադարձ է կատարվե ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, ինչպես նաև` Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին:

«Երկուստեք վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի առանցքային դերակատարության շարունակականությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Կարևորվեց առաջացած հումանիտար հարցերի հասցեագրումը և Արցախ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան կողմն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի լարվածության թուլացման անհրաժեշտությունը` վերահաստատելով ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մտքեր են փոխանակվել նաև մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: Ընդգծվել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը՝ որպես ապագայում նման հանցագործությունները կանխարգելելու գործուն միջոց:

Քննարկվել են նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափում իրականացվող հետագա աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս