ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է անցկացնում մանկատներում և ծերանոցներում. արդյունքները պարզ կլինեն առաջիկայում
Մի քանի օր առաջ ՏՄՊՊՀ-ն հրապարակեց երշիկ արտադրող օրինախախտ ընկերությունների ցանկը: Ըստ ՏՄՊՊՀ-ի`երշիկ արտադրող որոշ ընկերություններ երշիկի արտադրության ընթացքում օգտագործել են մեծաքանակ հավելանյութեր՝ օսլա, սոյա, սպիտակաձավար, նիտրիտ, ֆոսֆատ: 168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման և սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը նշել էր, որ այդ հավելանյութերն առողջությանը վնաս չեն հասցնում, եթե չեն գերազանցում թույլատրելի չափը:
168.am-ը ՏՄՊՊՀ-ից փորձեց ճշտել, թե երշիկ արտադրող ընկերությունները նշված հավելանյութերն ի՞նչ չափով են օգտագործել: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՏՄՊՊՀ-ն կատարել է միայն փաստաթղթային ուսումնասիրություն. «Պահանջել ենք ներկայացնել, օրինակ՝ բժշկական երշիկի բաղադրատոմսը, որ՝ օգտագործվել է այսքան միս, այսքան օսլա, սոյա, և այլն, և այլն: Ինչ վերաբերում է նրան, թե ո՞ր նիտրիտն էր օգտագործվել, ի՞նչ չափով է օգտագործվել, թույլատրելի՞ էր, թե՞ ոչ, դա արդեն սննդի որակի հետ կապված հարց է առաջացնում, որի հետ կապված ամբողջ փաթեթն ուղարկվել է Սննդամթերքի անվտանգության տեսչություն»: Գայանե Սահակյանը նաև նշեց, որ երշիկների արտադրության ընթացքում օգտագործված հավելանյութերի մասին ինֆորմացիա պարունակվում է ընկերությունների ներկայացրած փաստաթղթերում, որոնք օրենքով արգելված է հրապարակել, քանի որ որոշ տեղեկություններ համարվում են ընկերությունների «ներքին գաղտնիքը»:
«Մենք դրել ենք հետևյալ հարցը: Սպառողն, ի վերջո, իրավունք ունի իմանալու, թե ի՞նչ ապրանք է սպառում, ինչի՞ց է այն պատրաստված: Երբ տնտեսվարողը չի նշում, թե ի՞նչ հավելանյութեր են օգտագործված տվյալ երշիկի արտադրության մեջ, նման վարքագծի հետևանքով տուժում են համեմատաբար բարեխիղճ աշխատող տնտեսվարողները: Ենթադրենք՝ սպառողը մտնում է վաճառակետ և տեսնում է երկու ապրանքանիշերի երշիկ, որոնցից մեկի վրա գրված է, որ այն պարունակում է սոյա, նիտրիտ, ֆոսֆատ, իսկ մյուսի վրա գրված չէ այդ ամենը: Սպառողը գնում է այն ապրանքանիշի արտադրանքը, որի վրա չկա գրված այդ ամենը, քանի որ ուզում է այդ ապրանքն օգտագործել: Արդյունքում՝ պարզվում է, որ երկուսն էլ դա օգտագործել են, պարզապես մեկը նշել է, մեկը`ոչ: Առավել բարեխիղճ արտադրողն ընկնում է անհավասար մրցակցային պայմանների մեջ»,- ասաց Գայանե Սահակյանը:
Գայանե Սահակյանի հաղորդմամբ`այժմ ՏՄՊՊՀ-ն շարունակում է ուսումնասիրություններ կատարել մանկատներում և ծերանոցներում՝ կապված պետգնումների հետ. «Կատարում ենք ուսումնասիրություն մանկատներում և ծերանոցներում սննդի ձեռքբերման ոլորտում`պարզելու համար`արդյո՞ք մրցույթներն անցկացվում են պատշաճ կարգով, օրենքին համապատասխան: Առաջիկայում պարզ կլինեն ուսումնասիրության արդյունքները»: