Լևոն Տեր-Պետրոսյանն` ի պետս ավազակապետության

Այն, ինչ այսօր` նախագահական ընտրությունների նախաշեմին, կատարվում է Հայաստանում, միայն պայմանականորեն կարելի է անվանել «քաղաքական գործընթաց»: Իրականում` բովանդակային առումով, այսօր Հայաստանում քաղաքականություն գոյություն չունի: Գոյություն չուներ բավական վաղուց, սակայն երեկ` Գագիկ Ծառուկյանի ընտրություններին չմասնակցելու որոշմամբ, քաղաքականության վախճանը որոշակիորեն նաև ֆորմալ տեսք ստացավ:

Արդեն իսկ հնչել են գնահատականներ այն մասին, որ անգամ համաշխարհային պատմության կտրվածքով աննախադեպ, անհեթեթ իրողություն է, որ խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող ուժը ոչ միայն սեփական թեկնածու չի առաջադրում նախագահական ընտրություններում, այլև ֆորմալ առումով չի սատարելու որևէ այլ թեկնածուի: Դա նույնքան անհեթեթ մեկ այլ իրողության` ԲՀԿ-ի կողմից իրեն «այլընտրանք» հռչակելու տրամաբանական հետևանքն էր: Բայց այս իրավիճակի մեղքն ամբողջությամբ Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի վրա բարդելը, մեղմ ասած, արդարացի չի լինի: Գագիկ Ծառուկյանն՝ ինքը, երբևէ չի հավակնել ներկայանալ որպես քաղաքական գործիչ, ԲՀԿ-ն` բացառությամբ վերջին ամիսների քարոզչական միջոցառումների, նախկինում չի ներկայացել որպես քաղաքական, գաղափարական միավոր:

Այլ հարց է, որ այդպիսին չլինելով՝ ԲՀԿ-ն ու նրա նախագահը հայտ էին ներկայացրել՝ դառնալու իշխանության մրցակիցը: Այդ հայտը մոխրացավ այնպես, ինչպես ՀՀԿ-ի փուչիկները՝ Հանրապետության հրապարակում:

Բայց կկարողանա՞ր արդյոք ԲՀԿ-ն, առանց կողմնակի աջակցության, կատարել այն արհեստական դերակատարությունը, որի արդյունքը դարձավ Հայաստանի քաղաքական դաշտի վերջնական ամայացումը: Հաստատապես՝ ոչ:

ԲՀԿ-ի «հզորացման» գործում, իհարկե, մեծ դերակատարում ունեցավ իշխանությունը` սկզբում նրան դարձնելով կոալիցիայի անդամ, հետո էլ նպաստելով, որ ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության հարցը դառնա զարգացումները կանխորոշող հիմնական գործոն` երկրորդական, երրորդական պլան մղելով մնացած բոլոր ուժերին: Բայց միայն իշխանության աջակցությունը շատ քիչ կլիներ ԲՀԿ-ն «ազդեցիկ ուժ» դարձնելու համար: Ի վերջո, իշխանությունը գրեթե նույնկերպ նաև ՕԵԿ-ի «փուչիկն է փչում», սակայն դրանից ՕԵԿ-ի կշիռն ու ազդեցությունն անգամ ՕԵԿ-ականների շրջանում չի ավելանում:

Քաղաքական դաշտն ամայացնելու և դեգրադացնելու մեջ իշխանություններին մեղադրելը, ըստ էության, անիմաստ զբաղմունք է, քանի որ իշխանությունն առաջնորդվում է ոչ թե պետական ինստիտուտները, այդ թվում և առաջին հերթին՝ քաղաքական համակարգը պահպանելու, այլ վերարտադրվելու մոտիվացիայով: Ավելին` քաղաքական դաշտի թուլացումն  ու հեղինակազրկումը զգալիորեն հեշտացնում են իշխանության վերարտադրությունը:

Անգամ Սերժ Սարգսյանի` ընտրություններում ֆավորիտ լինելու մասին ամեն օր հայտարարող ՀՀԿ-ականները շատ լավ գիտեն, որ իրենց թեկնածուն հաղթելու է ոչ թե նախագահության առաջին ժամկետն արդյունավետ կառավարելու, երկիրն ավելի մրցունակ, քաղաքացիների կենսամակարդակն ավելի բարձր դարձնելու շնորհիվ, այլ քաղաքական դաշտի լղոզվածության, քաղաքական ուժերի ու գործիչների վարկաբեկման պատճառով:
Սակայն, որքան էլ մեծ լիներ իշխանության ցանկությունն ու շահագրգռությունը քաղաքական դաշտը փաստացի վերացնելու, զրոյացնելու հարցում, դա տեղի չէր ունենա՝ առանց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվ ու գործուն աջակցության:

Հայաստանի ամենաքաղաքական ու ամենաիմաստուն գործչի համարում ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտի ամայացմանն ուղղված իր գործունեությունը սկսել էր շատ ավելի վաղ, քան Գագիկ Ծառուկյանը կարող էր մտածել նախագահ դառնալու մասին: Իրավիճակի նրբությունն այն է սակայն, որ հենց Տեր-Պետրոսյանի հետևողական գործունեության արդյունքում Ծառուկյանը նման հնարավորություն ստացավ:

Քաղաքական դաշտին ու ընդհանրապես քաղաքականությանն ուղղված ամենաառաջին հարվածը Լևոն Տեր-Պետրոսյանը հասցրեց 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ համաժողովրդական պայքարի արդյունքում ձևավորված շարժումը ֆորմալացրեց Հայ ազգային կոնգրեսի տեսքով: 2008 թվականին Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում պաշտպանում էին տասնյակ քաղաքական ուժեր` միանգամայն տարբեր գաղափարախոսություններով ու քաղաքական ուղղվածությամբ:

Ընտրություններում, իշխանափոխության նպատակով՝ այդ ուժերի համագործակցությունն արդարացված էր, սակայն հետընտրական շրջանում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը շարժումից անցում կատարեց քաղաքական գործունեության, ՀԱԿ-ն իրականում դարձավ ապաքաղաքական միավոր` դառնալով քաղաքական դաշտի ամեաազդեցիկ ուժը: Այս հակասականությունն, ի վերջո, պետք է հանգեցներ և՛ ՀԱԿ-ի քայքայմանը, և՛ քաղաքական դաշտի դեգրադացմանը, ինչի ականատեսն ենք հիմա:

Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը միայն ՀԱԿ-ի ստեղծմամբ քաղաքականության դեմ պայքարն ամբողջական չհամարեց և 2011 թվականից  նախաձեռնեց Հայաստանի պատմության մեջ ամենաապաքաղաքական ուժի` «Բարգավաճ Հայաստանի» քաղաքականացման գործը:

Մարդու իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարությունն ու սահմանադրական կարգը գերակա ու անառարկելի արժեքներ հռչակած, ամենալուսավորյալ համարվող Լևոն Տեր-Պետրոսյանը բոլոր արժեքներից գերապատվություն տվեց ֆինանսական ռեսուրսին` ԲՀԿ-ի միակ քաղաքական կապիտալին: Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության արդյունքում ԲՀԿ-ն նախ՝ դարձավ խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը:

Դրան հաջորդած ամիսներին Լևոն Տեր-Պետրոսյանն իր ողջ գործունեությունը/անգործությունն ուղղեց Գագիկ Ծառուկյանին նախագահի թեկնածու դարձնելու նպատակի իրագործմանը: Արդյունքը եղավ այն, որ քաղաքական պայքարի ամենահիմնական հարթակում` խորհրդարանում, երկրորդ խոշոր ուժը հրաժարվեց իշխանության համար պայքարից` դառնալով քաղաքական ուժի ապաքաղաքականության, թերևս, դասական ու աշխարհում չգերազանցված օրինակ:

2007 թվականին` վերադառնալով մեծ քաղաքականություն` ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ պայքարում է ավազակապետության ու քրեաօլիգարխիկ  համակարգի դեմ: Չկարողանալով ամրագրել 2008 թվականի ընտրություններում արձանագրված հաղթանակը, նա սկզբում երկխոսության մեջ մտավ, ինչպես ինքն էր հայտարարում, ավազակապետության հիմնասյուներից մեկի` ՀՀԿ-ի հետ, հետագայում` նույնը շարունակեց ավազակապետության մյուս հիմնասյան`ԲՀԿ-ի հետ:

Անկախ ՀՀԿ-ի հետ երկխոսության ու ԲՀԿ-ի հետ քաղաքագիտական վերլուծության միջանկյալ` թվացյալ հաջողություններից, վերջնարդյունքը եղավ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ծառայեց ավազակապետության պահպանմանն ու վերարտադրությանը` հընթացս փոշիացնելով նաև քաղաքական դաշտը: Գիտակցվա՞ծ, թե՞ սխալ քաղաքական հաշվարկի արդյունքում` արդեն էական չէ:

Տեսանյութեր

Լրահոս