«Ցավոք, շատերը լիարժեք չեն պատկերացնում՝ ինչ մեծագույն ողբերգություն է կատարվել մեզ հետ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ ««Մենք հիմա ապրում ենք մեր պատմության ամենաօրհասական պահը: Մեր հանրությունը պառակտված է, և այս դժվար իրադրությունից դուրս գալու միակ ելքը համախմբումն է: Ինչ կապված է ընտրությունների հետ, դեռ որևէ կանխատեսում չունեմ, բայց հույս ունեմ, որ մեր հանրությունը կսթափվի՝ անկախ քաղաքական հայացքներից, և կհամախմբվի: Դա շատ կարևոր է, այս դժվարագույն իրադրությունից դուրս գալու միակ ելքը համախմբումն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ռեժիսոր, դերասան Արմեն Մարգարյանը:

Ընդգծում է՝ պատերազմն, անշուշտ, չի շրջանցել որևէ մարդու: «Մենք այլևս այլ արժեհամակարգով ենք ապրում»,-նշում է նա:Հարցնում եմ՝ գուցե ոչ բոլորս, քանի որ յուրաքանչյուրս ունի տարբեր հայացքներ ու մտածելակերպ, բայց գոնե մեծամասամբ գիտակցո՞ւմ ենք այն աղետի իրական ծավալները, որ պատուհասեց մեզ: «Դատելով սոցիալական տիրույթի օգտատերերի գրառումներից, զրույցներից, որոնք լսում եմ, մարդկանց հետ շփումներից՝ ցավոք, շատերը լիարժեք չեն պատկերացնում՝ ինչ մեծագույն ողբերգություն է կատարվել մեզ հետ: Դա էլ բերում է պառակտման: Երբ մարդիկ լիարժեք գիտակցեն իրողությունը, այդ ժամանակ, կարծում եմ, կհամախմբվեն»,-շեշտում է նա:

Զրույցների, քննարկումների ժամանակ շատ անգամ կարելի է անտարբերություն տեսնել, անգամ ցավալի է գիտակցել, որ Երևանում կամ Շիրակի մարզում ապրող մարդու համար «մեկ է», թե ինչ է կատարվում Սյունիքում կամ Գեղարքունիքում: Գործ ունենք անտարբերությա՞ն, թե՞ այլ երևույթի հետ: Ռեժիսորն ասում է՝ նա այդ ամենը վերագրում է մարդկանց կրթությանը և դրա սանդղակներին:

«Այսօր շատերը մտածում են, որ իրենց տունն ավարտվում է բնակարանի շեմով և այդ պատճառով հանգիստ նստած են իրենց տեղերում: Պետք է դուրս գալ այս մտածողության շրջանակից, լայն բացել աչքերը և նայել իրականությանը: Որքան էլ դառն է այդ իրականությունը, մենք պետք է ուժ գտնենք և կարողանանք ճիշտ գնահատել իրադրությունը, ճիշտ գնահատել այն ամենը, ինչ մեզ հետ կատարվեց: Ցավոք, դեռ կատարվում է: Հույս ունեմ, որ հանգուցալուծումը կլինի դրական: Իհարկե, չեմ ասում, որ պետք է մոռացության տանք այն ամենը, ինչ եղավ մեզ հետ: Մեր ազգը չի մոռանում ոչ մի աղետ: Երբ մեր ոտքը տրորում են, կարողանում ենք այդ ամենը սթափ գնահատել և ճիշտ ժամանակին վրեժխնդիր լինել: Դա մեր ազգային առանձնահատկությունն է: Մենք ընդամենը պետք է մեր մեջ ուժ գտնենք, համախմբվենք, որպեսզի դուրս գանք հոգեկան այս ծանր կացությունից և կրթվենք, անդադար ու բոլոր ոլորտներում կրթվենք, որպեսզի երբ գա ժամանակը, կարողանանք ճիշտ պատասխան տալ բոլորին»,-նշում է դերասանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս