«Ցավալի է, բայց թշնամուն հետ տալու հրաման չկա». Խոզնավարի գյուղապետը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ բաց առաջարկով է  հանդես գալիս` ուղղված միջազգային հանրությանը, նաև Ադրբեջանի կառավարությանը։

«Առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:

Դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ-ն  ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»,- իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանն ասաց, որ եթե պետությունը չի կարողանում իր գործառնություններն իրականացնել, գուցե ռուսը գա` կանգնի ու թշնամուն հետ մղի։

«Տեսնում եք, չէ՞, որ չեն կարողանում թշնամուն հետ շպրտեն իր ելման դիրքեր։ Ցավալի է, բայց թշնամուն հետ տալու հրաման չկա։ Ախր, սրանք հարցեր են, որոնք պետք է մանրամասնի, պարզաբանի Պաշտպանության նախարարությունը, ձեռքով կռիվ են անում, բայց այնպես՝ ոչինչ չեն անում»,- նշեց Վարո Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին Խոզնավարում առայժմ ամեն ինչ հանգիստ է։

«Կրակոցներ միայն Սոթքի կողմերում է եղել, այնտեղ գերեվարված տղաներ ունենք, մեզ մոտ առայժմ հանգիստ է»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս